Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կարևոր է նշել, որ 44-օրյա արյունալի պատերազմից 1 տարի անց՝ նոյեմբերի կեսին, բախումները միջազգային սահմանի վրա են եղել, ոչ՝ Արցախի տարածքում. սա անհանգստացնող է». Լյուկ Դևին. Տեսանյութ

Այսօր Եվրախորհրդարանը քննարկում է 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության, Ռուսաստանի, «Արևելյան գործընկերության» և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Լյուկ Դևինն իր բացման խոսքում ներկայացրեց իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանին՝ նշելով, որ այն բավական լարված է մնում։

«44-օրյա արյունալի պատերազմից մեկ տարի անց՝ նոյեմբերի կեսին, բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միջազգային սահմանի վրա։ Կարևոր է նշել, որ դրանք միջազգային սահմանի վրա են և ոչ՝ Արցախի տարածքում։ Սա անհանգստացնող է»,- նշեց Լյուկ Դևինը։

Նրա խոսքով՝ ԵՄ ինստիտուտները  շատ արագ արձագանքել են տեղի ունեցածին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բախումներից անմիջապես հետո՝ նոյեմբերի 16-ին, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ՝ խնդրելով զինադադար հաստատել, ինչպես նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչը կապ է հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ 
Նա նաև հիշատակեց նոյեմբերի  26-ին Սոչիում  տեղի ունեցած Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպումը։

«Հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել 3 հարցերում. բարձրացնել կայունությունն ու անվտանգությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով զբաղվող երկկողմ  հանձնաժողովի աշխատանքի միջոցով՝ Ռուսաստանի օգնությամբ»,- նշեց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով և հիշեցնելով, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի մասին է, այլ ոչ՝ Արցախի։

Պարոն Դևինը նշեց, որ համաձայնագրի երկրորդ կետը, որ կողմերը հայտարարել են, ենթադրաբար գերիների վերադարձի խնդիրն է. «Նրանք հայտարարել են, չնայած շատ մանրամասներ չներկայացնելով, որ նշանակալի առաջընթաց կա զգայուն, մարդասիրական թեմաների հետ կապված։ Ես ենթադրում եմ, որ դա վերաբերում է գերիների խնդիրն, սակայն մենք չունենք մանրամասն տեղեկություններ։ Հայաստանը դեռ հայտարարում է, որ   բազմաթիվ հայ գերիներ կան Ադրբեջանում, ինչը Ադրբեջանը ժխտում է՝ հայտարարելով, որ նրանք գերիներ չեն, այլ տեռորիստներ են, ովքեր հատել են Ադրբեջանի սահմանը»։

Նա նշեց, որ երրորդ կետը վերաբերում է տնտեսական խնդիրներին և տրանսպորտային հաղորդակցության միջոցների ապաշրջափակմանն ու «միջանցքին»՝ ընդգծելով, որ «միջանցք» բառը չի ընդունվում Հայաստանի կողմից, քանի որ դա ենթադրում է, որ  Հայաստանի կողմից վերահսկողություն չի լինելու այդ, այսպես կոչված, «միջանցքի վրա»։  

Սյուզի Սիրականյան