Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների մասին

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների մասին
Քաղաքականություն
23:08, 16 ноябрь 2021
Միջազգային մամուլն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին. գրում է factor.am-ը:

Այսպես, Al-Jazeera-ն գրում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ սահմանին բախումներ են սկսվել․ «Երեքշաբթի Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին մեղադրել են իրենց ընդհանուր սահմանի երկայնքով մարտեր սկսելու մեջ։ Նոր բախումներ են սկսվել ոխերիմ թշնամիների միջև վիճելի տարածքների համար պատերազմից մեկ տարի անց»: Լրատվականը մեջբերում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ․ զոհերի թիվը ճշտվում է։ Al-Jazeera-ն նաև շեշտում է, որ Երևանը «կորցրել է վերահսկողությունը երկու մարտական դիրքերի նկատմամբ»: Al-Jazeera-ն հրապարակել է նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե, իբր, «Հայաստանի զինված ուժերը երեքշաբթի առավոտյան ժամը 11:00-ին պետական սահմանին լայնածավալ սադրանք են իրականացրել»։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ բախումների հետևանքով վիրավորվել է ադրբեջանական երկու զինծառայող։

BBC news-ն էլ հաղորդում է, որ «սահմանային մահացու բախման արդյունքում Հայաստանը կորցնում է դիրքերը։ Ադրբեջանի հետ սահմանին ռազմական գործողությունների բռնկման հետևանքով մի շարք հայ զինվորներ են սպանվել և գերի ընկել»։ Լրատվականը շեշտում է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է սեփական կորուստները։ Պաշտոնյաները հայտնել են, որ երկու մարտական դիրք են կորցրել և խնդրել են Ռուսաստանին՝ օգնել պաշտպանել երկրի տարածքային ինքնիշխանությունը: «Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ ադրբեջանական ուժերը հարձակվել են արևելյան սահմանների վրա՝ մայիսին սկսված քաղաքականության շրջանակում, որի նպատակն է ներթափանցել հայկական երկու շրջաններ՝ Սյունիք և Գեղարքունիք: Երևանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին և միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն ապահովելու ադրբեջանական ուժերի դուրսբերումը երկրի տարածքից»,- գրում է BBC News-ը։

Reuters-ն իր հերթին շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Ադրբեջանի հետ սահմանային բախումներից հետո։ Լրատվականը նշում է, որ այս մարտերը դարձել են ամենաթեժ բախումները 44-օրյա պատերազմից հետո։

France 24-ն էլ գրում է, որ Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ սահմանային բախումների արդյունքում զոհերի մասին։ Լրատվականը շեշտում է, որ Եվրամիությունը երկու կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները