Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստանիսլավ Զաս. Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ. Սա միակ ելքն ենք համարում. «Արմենպրես»

Ստանիսլավ Զաս. Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ. Սա միակ ելքն ենք համարում. «Արմենպրես»
Միջազգային
11:39, 21 декабрь 2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ 

–Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից–պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ 

-Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։

Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։

Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

- Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։

Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։

Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։

-Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հարձակման ընթացքում հայ օրենսդիրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոչով էին հանդես գալիս, և ավելի վճռական արձագանքներ էին ակնկալվում անվտանգային այս կառույցից։ Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ՀԱՊԿ-ից նմանատիպ հարձակումների դեպքում։

-ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ:

Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։