Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»

Լավրովը ուշադրություն կդարձնի Բլինքենի՝ հեռախոսազրույցի խնդրանքին, «երբ ժամանակը թույլ կտա»
Միջազգային
11:30, 29 июль 2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: «Ես նոր տվյալներ չունեմ, թե երբ նրանք կկարողանան խոսել, բայց մենք շարունակում ենք դա քննարկել համապատասխան խողովակներով», - նշել է նա։

Միաժամանակ, Փրայսն ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։
Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։

Աղբյուրը՝ azatutyun.am