Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին
Միջազգային
14:43, 27 декабрь 2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է:

Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց և երեքով զրուցել, իհարկե գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանն ասել է. 

«Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում:

Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:
Շնորհակալություն հանդիպման համար»:


Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին: