Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը 85 մլն դոլար կհատկացնի՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածների օգնության համար

ԱՄՆ-ը 85 մլն դոլար կհատկացնի՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածների օգնության համար
Միջազգային
12:16, 10 февраль 2023
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ «կանի հնարավորը» Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերից տուժածներին օգնելու համար։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին՝ քննարկելու համար ԱՄՆ-ի կողմից տրամադրվող լրացուցիչ օգնությունը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է խոսնակ Նեդ Փրայսը։

 «Այն, ինչ հիմա պետք է մեր թուրք դաշնակիցներին, կտարբերվի նրանից, ինչ նրանց պետք է մեկ-երկու շաբաթից: Նույնը վերաբերում է Սիրիայի ժողովրդին»,- հավելել է Փրայսը:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ աջակցությունը ներառում է ավելի քան 150 փրկարար երկու փրկարարական կազմերում և ԱՄՆ Black Hawk ուղղաթիռներ՝ փրկարարական գործողություններին աջակցելու համար:

Հինգշաբթի երեկոյան Բլինքենը առանձին հայտարարությամբ հայտնել է այդ ջանքերի համար 85 միլիոն դոլարի չափով շտապ հումանիտար օգնության մասին:

«Մեր ամենապատրաստված քաղաքային որոնողա-փրկարարական խմբերից երկուսը փրկարարական գործողություններ են իրականացնում թուրքական Ադըյամանում՝ ամենաշատ տուժած շրջաններից մեկում,- նշել է Բլինքենը:- Այս թիմերն ունեն հատուկ սարքեր և շներ՝ որոնողափրկարարական աշխատանքների համար։ Նրանց միանում են վթարային ծառայությունների ղեկավարները, վտանգավոր նյութերի մասնագետները, ինժեներներն ու բժիշկները»:

Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում ԱՄՆ-ը «ինչպես նախկինում, կանի ամեն հնարավորը, քանի դեռ դա պահանջվում է, որպեսզի այս երկրաշարժերից տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերի», - ասել է Բլինքենը: