Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանականներն ընդգծում են Բաքվի անհարգալից վերաբերմունքը իր միջազգային պարտավորությունների նկատմամբ

Եվրախորհրդարանականներն ընդգծում են Բաքվի անհարգալից վերաբերմունքը իր միջազգային պարտավորությունների նկատմամբ
Միջազգային
11:52, 26 апрель 2023
Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Անդրեյ Կովաչենչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՝ «Լաչինի միջանցքի առնչությամբ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին»:

«Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ: Դա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի՝ կատարման համար պարտադիր վճռի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ակտ, որն Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։

«Վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ընթացքը և հանձնառություն վերցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգման համար։ Եվրամիությունը շարունակում է պատրաստ լինել աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու բոլոր տարաձայնությունները», - ասված է հաղորդագրությունում:

azatutyun.am