Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոլդովան հայտարարել է Պուտինի մուտքը երկիր արգելելու մասին. Մեդվեդևի արձագանքը

Մոլդովան հայտարարել է Պուտինի մուտքը երկիր արգելելու մասին. Մեդվեդևի արձագանքը
Միջազգային
13:33, 28 апрель 2023
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոլդովան համարում է անհետացած պետություն։ Այսպես է նա մեկնաբանել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հայտարարությունը, թե Մոլդովան ունի «ռուս պաշտոնատար անձանց բավականին երկար ցուցակ», որոնց մուտքն արգելված է, և դրանում ընդգրկված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռեչան անունով առեղծվածային արարածը հայտնել է, որ ոչ Ռուսաստանի նախագահը, ոչ էլ ռուս պաշտոնատար անձինք չեն կարողանա մուտք գործել իր երկիր՝ Մոլդովա: Դե, նախ՝ հիմա այնտեղ ոչ ոք չի էլ պատրաստվում գնալ։ Գուցե հետո... Եվ երկրորդ՝ այդպիսի երկիր այլևս չկա։ Տեղական ղեկավարներն այն վաճառել են Ռումինիային՝ դառնալով իրենց հայրենիքի դավաճանները։ Եվ նրանց հետ որևէ բանի մասին խոսելն անիմաստ է։ Թող ժողովուրդը զբաղվի նրանցով: Եվ որոշի վերջապես՝ ովքեր են նրանք՝ մոլդովացիներ, թե ռումինացիներ»,- գրել է Մեդվեդևը Telegram-ալիքում: 

Բայց ամեն դեպքում, կարծում է Մեդվեդևը, Քիշնևը պետք է «հարգի Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ինքնիշխանությունը»: