Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք խմբի առաքումը ԼՂ և Լաչինի միջանցք. ՀՀ վարչապետի ելույթը Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում

«Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- այսօր Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում վարչապետ Ֆիալային՝ հրավերի և ջերմ ընդունելության համար: Այսօր ես և պարոն վարչապետը կառուցողական մթնոլորտում ունեցել ենք բաց և հագեցած քննարկումներ, որոնք ներառում են երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ։ Երկկողմ օրակարգից զատ, անդրադարձել ենք նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի: Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Չեխիայի գործուն աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը։ Վարչապետ Ֆիալային շնորհակալություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու համար: Այս համատեքստում ընդգծել եմ նաև Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիթորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը ցավով նշել է, որ, ի հեճուկս բոլոր ջանքերի, իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտ պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ-ում և Լաչինի միջանցքում:

«Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է իրավիճակի հստակ և հասցեական գնահատական տա, մանավանդ որ, մեր գնահատմամբ, Ադրբեջանի վերը նշված գործողությունները ԼՂ-ում հայերի էթնիկ զտումներ իրականացնելու նախապատրաստություններ են: Այս համատեքստում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ»,- նշել է ՀՀ վարչապետը:
 
Մանրամասները՝ տեսանյութում