Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Հիրոսիմայում տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը. մասնակցելու է նաև Զելենսկին

Այսօր Հիրոսիմայում տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը. մասնակցելու է նաև Զելենսկին
Միջազգային
10:55, 19 май 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա, որտեղ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի և ԱՄՆ պատվիրակությունների աղբյուրներին։ Այս տեղեկությունը հաստատում են նաև արևմտյան լրատվամիջոցները, մասնավորապես The New York Times-ը, CNN-ը և Bloomberg-ը։

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին, որ Զելենսկին տեսակապով է մասնակցելու գագաթնաժողովի քննարկումներից մեկին։ Զելենսկու այցի մասին հրապարակային հայտարարություններ դեռ չեն ստացվել։ Ուկրաինայի նախագահի՝ գագաթնաժողովին ժամանելու օրը չի հաղորդվում անվտանգության նկատառումներից ելնելով։

Վլադիմիր Զելենսկու ուղևորությունը Հիրոսիմա կլինի Ուկրաինայի նախագահի առաջին այցը Ասիա՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր։ Bloomberg-ի տեղեկություններով՝ նա կմեկնի Ճապոնիա ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռով՝ Արաբական լիգայի պետությունների գագաթնաժողովին Սաուդյան Արաբիա այցից հետո։

G7-ի գագաթնաժողովը բացվում է այսօր՝ մայիսի 19-ին, Հիրոսիմայում և կտևի երեք օր։ Միջոցառման մասնակիցները մտադիր են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ նրա ռազմական ագրեսիայի։