Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հոկտեմբերի 27»-ը ՌԴ-ն հիմա չի կարող կրկնել, այն ժամանակ այլ աշխարհաքաղաքական իրավիճակում էր Ռուսաստանը. Հովսեփ Խուրշուդյան

«Հոկտեմբերի 27»-ը ՌԴ-ն հիմա չի կարող  կրկնել, այն ժամանակ այլ աշխարհաքաղաքական իրավիճակում էր Ռուսաստանը. Հովսեփ Խուրշուդյան
Հարցազրույց
19:00, 26 октябрь 2023
Երեկ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին և  հարցին, թե  Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելություն, թե խոչընդոտող հանգամանք է, նշել է, որ առավելություններ ինքն իր նկարագրած մի շարք դեպքերում չի տեսնում։  Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ու նաև ՀԱՊԿ-ի հետ կան խնդիրներ, որոնք քննարկման փուլում են։ 

Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։

- Պարոն Խուրշուդյան, եթե ՀՀ վարչապետը ռուսական ռազմական ներկայության առավելությունները չի տեսնում, ապա, Ձեր կարծիքով, ի՞նչն է ՀՀ-ին ստիպում չհրաժարվել ռուսական ռազմակայանից ՀՀ-ում։ 

- ՀՀ իշխանությունները, իմ տպավորությամբ, ընտրել են փուլերով և Ռուսաստանից դանդաղ անկախանալու ճանապարհը, և եթե նույնիսկ իրենց մտքում կա ռազմաբազայի հարցը, ապա մինչև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չլուծեն, ռազմաբազային չեն կարող անցնել։  Ես բացառում եմ, որ ՀՀ-ն փաթեթով դուրս կգա ռուսական այդ կառույցներից և պայմանագրերից։ Բայց կարծում եմ, որ դա ավելի տրամաբանական և արդյունավետ կլինի, որովհետև այն ճնշումների ալիքը, որ մենք ունենալու ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում, դա նույնն է լինելու, եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ միասին դուրս գանք նաև բազայի պայմանագրից, համատեղ հակաօդային պաշտպանության պայմանագրից, ԵԱՏՄ-ից և բոլոր մյուս պայմանագրերից։ Հիմա իշխանությունները, ընտրելով փուլային տարբերակը, հույս ունեն, որ այդ հարվածները ամեն անգամ ավելի փոքր կլինեն, ինչը ես չեմ կիսում։

- Այդ հարվածների մասին երբ նշում եք, օրինակ՝ էներգետիկայի հետ կապված Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ խոսել էր և նշել, որ հաշվի առնելով ՀՀ-ի արևային էներգիայի պոտենցիալը՝ միգուցե դա այդքան էլ բարդ խնդիր չդառնա ՀՀ-ի համար։  Ատոմակայանի հետ կապված որոշ մասնագետներ նշում են, որ կան ամերիկյան ընկերություններ, որոնք Ուկրաինայի փորձով կարող են նաև ՀՀ-ին վառելիք մատակարարել։ Բայց առայժմ չկա պատասխան, որ եթե Լարսը փակվի, ապա ի՞նչ լուծում կարող ենք գտնել մենք։ 

- Այնքան Լարսի հարցը չէ, որքան տեխնիկական հարցերը։ Ձեր ասածը այդ լուծումներից մեկն է, և ԱՄՆ-ն փաստորեն կարող է մեր ատոմակայանին վառելիք մատակարարել, բայց դա լինելու է ոչ թե Լարսով, այլ Փոթիով։ Իսկ Լարսի հարցը ճնշման միջոց է լինելու՝ այստեղի ապրանքաշրջանառությունը փորձելով արգելափակել։ Վրաստանը չի գնա լիովին փակելուն, որովհետև դա հարված կլինի նաև իրենց, որովհետև հիմա ՀՀ-ից միլիարդավոր դոլարների ներկրում են ապահովում։ Այսինքն՝ եթե մենք փաթեթով դուրս գանք այդ բոլոր պայմանագրերից, ապա կարող են ինչ-որ ժամանակով Լարսը փակել՝ մինչև հասկանան, որ դրանով հարց չի լուծվում։ Լարսը փակելը լինելու է ոչ միայն որպես պատժամիջոց, այլև ՀՀ-ում դեստաբիլիզացիա մտցնելու, տնտեսական անկում մտցնելու ու իշխանություն փոխելու միջոց, որպեսզի նոր իշխանությունը, արդեն իրենց համակիրը լինելով, վերականգնի այդ բոլոր պայմանագրերը, ու ՀՀ-ն դարձնեն արդեն ծայրագավառ։

- Պարոն Խուրշուդյան, The Wall Street Journal-ի հրապարակման մեջ նշվում է, որ «Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում աճող մտահոգությունն այն է, որ Ադրբեջանը՝ թուրքական աջակցությամբ և Ռուսաստանի մեղսակցությամբ, մոտակա ամիսներին կարող է փորձել գրավել Հայաստանը կամ դրա մի մասը՝ ցամաքային կամուրջ ստեղծելով Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Զուգահեռ, անհանգստացնող է, որ Ռուսաստանը կարող է ծրագրել հեղաշրջում՝ Հայաստանի ղեկավարին պաշտոնանկ անելու համար»: Ինչպե՞ս կմեկնաբանեք, և ըստ Ձեզ՝ արդյոք ԱՄՆ-ն կունենա՞ բավարար կամք, որպեսզի հեռու պահի Թուրքիային ու Ադրբեջանին նման քայլից։ 

- Կարծում եմ՝ եթե ԱՄՆ-ն նման ուժ չունենար, ապա վաղուց Ադրբեջանը ՌԴ-ի հրահրմամբ արդեն հարձակված կլիներ։ Հիմա Արևմուտքը դա զսպում է, իսկ Արևմուտքի առաջնորդը ԱՄՆ-ն է։ Թուրքիայի անմիջական միջնորդությունը ես քիչ հավանական եմ համարում, Թուրքիան ավելի կաշկանդված է և ավելի շատ կախվածություն ունի։ Օրինակ՝ նրանք  վավերացրին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, որը վնասում է ռուս-թուրքական հարաբերություններին, բայց տեսեք, որ Թուրքիան գնաց այդ քայլին։

- Վաղը հոկտեմբերի 27-ն է։ Բոլորս հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ 1999թ. հոկտեմբերի 27-ին։  Նոր «Հոկտեմբերի 27» Դուք հնարավոր համարո՞ւմ եք։

- Ոչինչ բացառել չի կարելի, բայց դրա հավանականությունը ես փոքր եմ համարում, որովհետև ՌԴ-ն հիմա չի կարող կրկնել  դա։ Այն ժամանակ այլ աշխարհաքաղաքական իրավիճակում էր Ռուսաստանը, հիմա ղեկավարի վրա ձեռք բարձրացնելը ճանապարհ է բացելու նաև Պուտինի դեմ այլ երկրների համար։ Այսինքն՝ Պուտինը դրանով կխախտի միջպետական հարաբերությունների կարմիր գիծը։ Իսկ ինչ վերաբերում է այդ ռիսկին, ապա այդ ռիսկը պետք է նաև իշխանությունները կառավարեն։ Օրինակ՝ վաղվա արարողությունները ամենաբարձր մակարդակով պետք է կազմակերպեն։ Ինչքան ավելի մեծ է հիշողությունը և ինչքան մեծ է ուշադրությունը որևէ բանի վրա, որ նման բան այլևս չպետք է կրկնվի, այնքան ավելի դժվար է լինելու այդ ուժին նման բան կրկնել։  

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հոկտեմբերի 27-ը մինչև հիմա բացահայտված չէ և չի հաջողվել ցույց տալ, թե ով է իրական պատվիրատուն։

- Մինչև ՀՀ-ն չազատվի ՌԴ-ի կախվածությունից և ազդեցությունից, իսկ դա ենթադրում է նաև քննչական մարմինների անկախություն, դատախազության անկախություն և ընդհանրապես  դատական ազդեցության վրա ՌԴ-ի ազդեցության նվազում, մենք այդ հարցը չենք կարողանալու լուծել։

Դավիթ Լևոնյան