Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է, որ Արցախի նախագահները թաքնվում էին Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայում. իրենց տերը իրենց հանգիստ հանձնեց Ալիևին՝ նրա առաջին իսկ պահանջով. Հովսեփ Խուրշուդյան

Հայտնի է, որ Արցախի նախագահները թաքնվում էին Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայում. իրենց տերը իրենց հանգիստ հանձնեց Ալիևին՝ նրա առաջին իսկ պահանջով. Հովսեփ Խուրշուդյան
Հարցազրույց
12:23, 05 октябрь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի մերժման պատճառը Ֆրանսիայի հայամետությունն է, ինչպես նաև Թուրքիայի նախագահի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։ Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։

- Պարոն Խուրշուդյան, ինչո՞ւ է Ալիևը խուսափում Գրանադայում նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևը կարողանում է անտեսել ԵՄ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջնորդությունը։ Արդյոք դա վտանգավոր չէ՞ Ադրբեջանի համար։

- Արցախում էթնիկ զտումներ իրագործելուց հետո Ալիևի դիրքերը Արևմուտքում էլ ավելի են վատթարացել։ Արդեն տարբեր եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ամենաբարձր մակարդակներում խոսում են Ադրբեջանի և անձամբ Ալիևի դեմ սանկցիաների մասին։ Գրանադա գնալով նա կկարողանար մեղմել այդ ալիքը, սակայն պետք է համաձայներ այն պայմաններին, որն իր առջև դնելու էին՝ միջազգային անկախ մոնիտորինգային առաքելության մուտք Արցախ, որը կսկսեր պայմաններ ուրվագծել հայերի անվտանգ վերադարձի և միջազգային երաշխիքների համար, Հայաստանի հետ 1991թ.-ի սահմաններով խաղաղության պայմանագրի հիմնական դրույթների նախաստորագրում, բաներ, որոնցից Ալիևը խուսափում է։ Սակայն չգնալն էլ դեմարշ էր Արևմուտքի, հատկապես Եվրամիության դեմ, ինչն էլ կարող է բերել սանկցիաների և հարվածել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցությանը։ Այսպիսով՝ Ալիևը վատթարագույնի և վատի միջև ընտրեց, իր պատկերացմամբ, վատը։

- Որքա՞ն է հավանականությունը, որ մոտ ժամանակում Ալիևը կդիմի ռազմական գործողությունների և ո՞ր դեպքում դա կանի։

- Քիչ հավանական եմ դա համարում, նա նախ պետք է փորձի «մարսել» Արցախի հայաթափումը, ինչը ինքնին բավական ռեսուրսատար գործ է, խոսքս նախևառաջ՝ քաղաքական ռեսուրսի մասին է։ Անգամ Ռուսաստանի հորդորները չեն կարող նրան դրդել նման արկածախնդրության այս ժամանակահատվածում։

- Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե Ադրբեջանը հրաժարվում է Գրանադայի հանդիպումից։

- Պետք է կարողանա ճիշտ դիրքավորվել որպես Արևմուտքի միակ իրական դաշնակից տարածաշրջանում և օգտվել դրա արդյունքում ընձեռված հնարավորություններից, նախևառաջ՝ քաղաքական, ֆինանսական, ռազմական և հատկապես՝ տեխնոլոգիական։ Իսկ դրա համար քայլեր են անհրաժեշտ։ Այդ քայլերը հայտնի են, և ես դրանք բազմիցս թվարկել եմ։

- Այս պահին Ադրբեջանում անազատության մեջ են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։ Ի՞նչ եք կարծում, նրանք չկարողացա՞ն դուրս գալ Արցախից, թե՞ խնդիրը այլ է։ Հնարավո՞ր է, որ նրանց պարզապես ռուսները հանձնեցին։

- Այո, նրանք (խոսքս հատկապես Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասին է) ընկան այն թակարդը, որում իրենց պատվիրատուի հետ միասին փորձում էին գցել Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն այժմ, երբ արդեն Մոսկվայի համար քաղաքականապես անպիտան են՝ իրենց տերը իրենց հանգիստ հանձնեց Ալիևին՝ նրա առաջին իսկ պահանջով։ Հայտնի է, որ նրանք թաքնվում էին Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայում։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Ալիևը նրանց «համաներմամբ» ազատ կարձակի, բայց մինչ այդ մի քիչ «դատարան-դատարան» կխաղա, ծանր մեղադրանքներով մեծ պատիժներ կսահմանի, որ հետո նրանց խնդրանքի հիման վրա ների։  

- Մտավախություններ կան, որ նրանք կարող են այնպիսի տեղեկություններ հայտնել Ադրբեջանին, որոնք հետագայում կօգտագործվեն Հայաստանի դեմ։ Ի՞նչ կասեք այդ մասով։

- Այո, կա նման վտանգ. նրանք նաև դրա համար են պետք Ալիևին։
 
Դավիթ Լևոնյան