Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է մերժել Բաքվում կայանալիք ցանկացած հանդիպում, իսկ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային գործընթացները կլինեն երկկողմանի ճնշում Արցախի նկատմամբ․ Գուրգեն Սիմոնյան

Պետք է մերժել Բաքվում կայանալիք ցանկացած հանդիպում, իսկ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային գործընթացները կլինեն երկկողմանի ճնշում Արցախի նկատմամբ․ Գուրգեն Սիմոնյան
Հարցազրույց
18:30, 07 июль 2023
Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության և Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ:

- Պարոն Սիմոնյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ  նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում։  Եթե Ադրբեջանը հրաժարվում է միջազգային մեխանիզմի ներքո որևէ բանակցությունից, ի՞նչ քայլեր պետք է անի Արցախը։ 

- Արցախը այս պահին հարուստ գործիքակազմ չունի, որպեսզի լուրջ քայլեր կարողանա անել։  Բայց կարող է կամային հատկանիշներ դրսևորել  իր շահերը ոտնահարող հանգամանքները սակարկելու ուղղությամբ։ Եթե Ադրբեջանը պնդի, որ բանակցությունները պետք է ընթանան ոչ թե երկկողմ բարձր մակարդակով, այլ Արցախում՝ բարձր մակարդակով,  իսկ նրանց կողմից՝ բանագնացի միջոցով, դա անընդունելի է։  Նաև պետք է մերժել Բաքվում կայանալիք ցանկացած հանդիպում, իսկ երրորդ երկրի տարածքում հանդիպումների ու բանակցությունների հնարավորությունները  պետք է իրագործվեն և ընդդիմախոսության չարժանանան հայկական կողմից։ Իդեալական տարբերակ կլինի, եթե երրորդ՝ անկողմնակալ,  չեզոք պետության տարածքում երկու կողմերը բարձր մակարդակով բանակցեն։ Բովանդակությունը արդեն էական չի, որովհետև բովանդակությունը բանակցությունների ընթացքում արդեն պարզաբանվում է երկու կողմերի միջոցով։

- Լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել մի պայմանով՝ եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Եթե Արցախը միայն ՌԴ միջնորդությամբ բանակցի Ադրբեջանի հետ, որքանո՞վ է դա դրական կամ բացասական։ 

- Միջնորդ կարող է լինել համաշխարհային ուժ ներկայացնող անկողմնակալ  այնպիսի դերակատար, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Եթե Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային գործընթացները լինեն, ապա դա կլինի ոչ թե բանակցություն, այլ երկկողմ ճնշում Արցախի նկատմամբ։ Ստեփանակերտը իրավունք չունի խնդրանք ներկայացնելու և նույնիսկ կարիք էլ չպետք է  ունենա, որպեսզի Ռուսաստանին դիտարկի որպես միջնորդ։ Սա մենք պետք է ֆիքսենք, որովհետև անկյունաքարային հարց է։ Ռուսաստանը չպետք է միջնորդ լինի, որովհետև կոնֆլիկտի կողմ է հանդիսանում։ Երկու անգամ նույն ջուրը մտնել չի կարելի։  
Մենք նաև տեսանք, որ ռուս խաղաղապահները բացարձակապես անգործունակ գտնվեցին ադրբեջանական ագրեսիայի համատեքստում, և ներգրավել նրանց դիվանագիտական պրոցեսում նշանակում է ձախողել հավասարակշռված դիվանագիտական մոտեցումները։ Դրանք կբոյկոտվեն, որովհետև ռազմական կոնֆլիկտի առկայությունը բխում է Ռուսաստանի Դաշնության ընդհանուր տարածաշրջանային շահերից։  

- Հիմա ի՞նչ է ցանկանում ստանալ Ռուսաստանը Արցախից կամ Արցախի միջոցով։  Ե՞րբ կկատարի նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր իսկ ստանձնած պարտականությունները։

- Երբեք չի կատարելու։ Արցախը գտնվում է  պատանդի կարգավիճակում,  և այն սեփականության իրավունքով փորձելու են տնօրինել։ Կվաճառեն, թե ուղղակի կլքեն՝ դա ժամանակը ցույց կտա։ ՌԴ-ն նոյեմբերի 9-ով ստանձնած իր պարտավորությունները երբեք չի կատարելու։ Սա ծուղակ էր, որի մեջ էին փորձում գցել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց այնտեղ իրավական բացեր կային, որոնցով մենք առայժմ կարողանում ենք մանևրել։

- Իսկ նամակը, որը Արցախի իշխանությունները ուղարկել են ՌԴ նախագահին, ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակով է դա արվել, հատկապես որ Մոսկվայում շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ 

- Սա ընդամենը աղերս է, խնդրանք, բայց պետք չէ կարծել, որ այդ խնդրանքը կարող են հաշվի առնել։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչու են դիմել, բայց չմոռանանք, որ ցեղասպան քաղաքականությունը Ռուսաստանին հատուկ է, և նրանք հումանիստական որևէ որոշում չեն կայացնի։ 

- Հայաստանի իշխանությունները պարբերաբար կարևորում են միջազգային դիտորդների տեղակայումը Արցախում։ Ինչո՞ւ մինչ այժմ Արցախում չունենք միջազգային դիտորդներ։  

- Իրավական խնդիր կա, որովհետև միջազգային հանրությանը ադրբեջանական սխալ պատումներով տարիներով կերակրել են, որ ռեգիոնը պետք է դիտարկվի Ադրբեջանի պատկանելության տակ։ Այստեղ արդեն երկրների տարածքային ամբողջականության խախտման համատեքստը կա, և հումանիտար աղետի դեպքում է, որ արդեն տվյալ պետության կամքը հաշվի չառնելով՝ մուտք կգործեն։ Այդ հումանիտար աղետը հիմա ակտիվ տեմպերով իրականացվում է, և աշխատանքներ պետք է կատարել։ Կարող է և գալ մի իրավիճակ, երբ անխուսափելիորեն ներկայացուցչությունը բերեն և տեղակայեն Արցախում ու Լաչինի միջանցքում։

- Արցախում այլ խաղաղապահ առաքելություն  ունենալու հեռանկար ունե՞նք։

- Նպատակահարմարության հարց կա այդտեղ։ Ես կարծում եմ, որ ամենահրաշալի և իրական տարբերակը այն է, որը մենք տարիներ շարունակ ունեցել  ենք։ Արցախը անվտանգ էր և Արցախի անվտանգությամբ նաև անվտանգ էր դառնում Հայաստանի Հանրապետությունը՝ զերծ պահելով Հայաստանի հարավի նկատմամբ ռազմական ախորժակը և նկրտումները, երբ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և զինված ստորաբաժանումների հսկողության տակ։ Եթե ժամանակը ցույց տա, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել ու միջազգային խաղաղապահների ներկայացուցչություն ունենալ, ապա պետք է ճկուն գտնվենք։  ՄԱԿ-ը կարող է այդ առաքելությամբ հանդես գալ և կամային սկզբունքով կարող են հանդես գալ եվրոպական երկրներ։ 

Դավիթ Լևոնյան