Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջանցքի հարցում Ռուսաստանի ցանկությունը հեռու չէ Ադրբեջանի ցանկությունից․ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն այլընտրանք չունի․ Արեգ Քոչինյան

Միջանցքի հարցում Ռուսաստանի ցանկությունը հեռու չէ Ադրբեջանի ցանկությունից․ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունն այլընտրանք  չունի․ Արեգ Քոչինյան
Քաղաքականություն
16:13, 04 июль 2023
Ի՞նչ են ակնկալում Ռուսաստանից, և ի՞նչ նպատակով են Արցախի իշխանությունները նամակ ուղարկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Մոսկվայում լավատեղյակ են խնդրից ու արցախահայության վիճակից, սակայն դա ոչինչ չի փոխում։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ միգուցե Ռուսաստանը արդեն չունի էլ հնարավորություն բացելու Լաչինի միջանցքը. «Հիմա ես իրականում չեմ կարող վստահությամբ պնդել, որ ՌԴ-ն ցանկության պարագայում ի վիճակի է դա անել։ Թեպետ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի ցանկացածը հեռու չի Ադրբեջանի ցանկացածից, այսինքն՝ Ադրբեջանն էլ է ի սկզբանե փակել միջանցքը հենց «Զանգեզուրի միջանցք» պահանջելով»։

Քոչինյանը համոզված է, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը այլընտրանք չունի. «Դրա այլընտրանքները ուղղակի աղետալի են, այդ իսկ պատճառով այն վաղ թե ուշ պետք է տեղի ունենա։ Այլ հարց, որ արցախյան կողմը ակնկալում է ինչ-որ մինիմալ մթնոլորտ ստեղծող ձևաչափեր, բայց անկախ նրանից՝ այդ ակնկալիքները բավարարում են, թե ոչ, բանակցություններին այլընտրանք չկա»։

Հարկ է նշել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ, անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հնարավոր բանակցություններին, նշել է, որ Բաքուն դրա դիմաց պահանջում է Արցախի Պաշտպանության բանակի լուծարումը։ Չմոռանանք նաև, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների ու անվտանգությանը վերաբերող հարցեր, փոխարենը անընդհատ բարձրաձայնում է Արցախի ռեինտեգրացիայի մասին, իսկ դա կտանի արցախահայերի էթնիկ զտման։
Խնդիր է նաև այն, թե Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների ինչպիսի ձևաչափ կարող է լինել։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ  երկխոսության համար հարկավոր է միջազգային մեխանիզմի ստեղծում։ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցում այլ է, քանի որ Ադրբեջանը այն համարում է իր ներքին գործը և չի ցանկանում դա քննարկել միջազգային որևէ մեխանիզմի ներքո։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանում Արցախի նկատմամբ նոր օպերացիա սկսելու և Արցախը ապառազմականացնելու մեծ քարոզչություն է տարվում, որն ուղղված է ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին։  Արեգ Քոչինյանը կարծում է, որ Արցախը եթե կարողանար միջազգային որևէ երաշխիք ստանալ Ադրբեջանի սադրանքներից զերծ մնալու համար, ապա արդեն իսկ ստացած կլիներ, իսկ հիմա իրավիճակը  պայթյունավտանգ է. «Ադրբեջանական կողմը քարոզչական ակտիվ նախապատրաստություն է տեսնում լայնածավալ ռազմական գործողությունների, և հենց այդ առումով եմ ես ասում, որ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների տրամաբանությունը այլընտրանք չունի հայկական կողմի համար»։

Վաշինգտոնյան վերջին բանակցությունները չզսպեցին Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարցին, թե Ադրբեջանը իսկապե՞ս ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, քաղաքագետը պատասխանեց. «Դա սեփական պայմանների ու նախապայմանների հաստատումն է։ Դրանք ինքնատիպ խաղաղության մասին պատկերացումներ են»։

Դավիթ Լևոնյան