Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովսեփ Խուրշուդյան. «Այսօր Ադրբեջանը միջանցք ստանալու որևէ տարբերակ չունի»

Հովսեփ Խուրշուդյան. «Այսօր Ադրբեջանը միջանցք ստանալու որևէ տարբերակ չունի»
Հայաստան
14:27, 15 декабрь 2021
«Լաչինի միջանցքը ի սկզբանե եղել է արցախյան կարգավորման ճարտարապետության բաղկացուցիչ մասը»,- «Հոդված 3» ակումբում, անդրադառնալով բրյուսելյան բանակցություններին, ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ 

Հիշեցնենք, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին, ինչից հետո տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։  Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում։

Հովսեփ Խուրշուդյանը սպառնալիք է համարում Ալիևի հայտարարությունը արցախյան կարգավորման ճարտարապետության հանդեպ. «Ես չեմ կարծում, որ դա իրեն կարող է հաջողվել»։ 

Նա կարծում է, որ այսօր Ադրբեջանը միջանցք ստանալու որևէ տարբերակ չունի. «Միակ բանը, որ ստացել են երեկվա հանդիպումից ադրբեջանցիները, եթե դա կարելի է այդպես անվանել, կարծում եմ՝ դա մեզ էլ է շահավետ, դա երկաթգծի շուրջ պայմանավորվածությունն է։ Երկրորդը, որը մեզ համար է ավելի շատ կարևոր՝ Եվրամիության փորձագիտական խմբի տրամադրումն է լինելու՝ սահմանագծման և սահմանազատման հարցերում։ Սոչիի հանդիպումից հետո, երբ որ ֆիքսվեց միայն ռուսական փորձագիտական մասնակցությունը, ես շատ մեծ մտավախություն ունեի, որ դրանով կսահմանափակվի և կողմերը չեն կարող դիմել եվրոպացիներին այս հարցով։ Բայց փաստորեն, Շարլ Միշելը ինքն է պարտադրել Եվրամիության ներկայությունը սահմանազատման հարցում, որը շատ մեծ ձեռքբերում է Հայաստանի համար»։