Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձայների նվազագույնը 10-12 տոկոսը «Պատիվ ունեմն» ու «Հայաստան» դաշինքը ստացել են ընտրակաշառքի դիմաց․ քաղաքագետ

Ձայների նվազագույնը 10-12 տոկոսը «Պատիվ ունեմն» ու «Հայաստան» դաշինքը ստացել են ընտրակաշառքի դիմաց․ քաղաքագետ
Հարցազրույց
17:39, 21 июнь 2021
«Եթե չլիներ ընտրակաշառքը, ապա վստահաբար «Պատիվ ունեմ» դաշինքն առհասարակ խորհրդրան չէր անցնի, իսկ «Հայաստան» դաշինքն առավելագույնը 12 տոկոս ձայն կստանար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ ընդգծելով, որ ընտրակաշառքը այս անգամ էլ մեծ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ 
 
Նշենք, որ այսօր «Անկախ դիտորդ» դաշինքը ևս ասուլիսում հայտնեց, որ ընտրության օրը և նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավապահ մարմիններին իրենց կողմից ուղարկվել է հանցագործության մասին 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մեծամասնությունը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին։     

Ըստ Խուրշուդյանի՝ ընտրակաշառքի ազդեցության չափման լավագույն ցուցիչը նախորդ՝ 2018 թվականի ու այս ընտրություններին առաջին մի քանի ժամվա մասնակցության տարբերությունն է։ «Ընդհանրապես կեղծարարությունը, ընտրողներին ընտրատեղամասեր բերման ենթարկելը տեղի է ունենում առավոտվա ժամերին, որպեսզի հետո, ամբողջ օրը, այսպես կոչված «տասովշիկները», կարողանան զբաղվել այն քաղաքացիներով, ովքեր ընտրակաշառքը վերցրել են ու չեն եկել ընտրության։ Որ զանգեն նրանց, գնան տուն, ստիպողաբար բերեն տեղամասեր։ Հիմա, երբ համեմատում ենք 2018 թվականի ու այս ընտրությունները, ապա տեսնում ենք, որ 2018-ին առավոտվա ժամերին ոչ մի կուտակում չէր լինում տեղամասերի մոտ, դեռ տեղամասերը չբացված մարդիկ տեղամասի դիմաց չէին կուտակվում։ Բայց այս ընտրություններին մենք տեսանք, որ առաջին երեք ժամվա մասնակցության թիվը 110-120 հազարով ավել էր 2018-ի նույն ժամանակահատվածի ընտրողների թվից։ Եվ կարող ենք վստահաբար պնդել, որ այդ 110-120 հազարը բերված մարդիկ են եղել, այսինքն ընտրակաշառք վերցրած ընտրողներ են, որոնք բաշխվում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև։ Այդ երկու ուժերն են ընտրակաշառք բաժանել։ Այո, ընտրակաշառքն ազդել է այս ընտրությունների վրա, 110-120 հազարը փոքր թիվ չէ։ Նվազագույնը 10-12 տոկոսի չափով ընտրակաշառքն աշխատել է»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ ազդել է նաև տարբեր ընկերությունների կողմից աշխատողներին ուղղորդելը, պարտադրելը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի բացակայությունը կարող էր հանգեցնել նրան, որ այդ 12 տոկոսը բաշխվեր, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» և թե՛ մյուս խաղացողների վրա և մեծացնել մյուս քաղաքական ուժերի՝ խորհրդարանում հայտնվելու շանսերը։ «Միանշանակ «Պատիվ ունեմ»-ը չէր անցնի և փոխարենը կանցներ «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ «Հայաստան» դաշինքը մաքսիմում կհավաքեր 12-15 տոկոս՝ քարոզչության շնորհիվ։ Արդյունքում Ազգային ժողովում ընտրողների հարաբերակցությունը այլ կլիներ։ «ՔՊ»-ի ձայներն ավելի շատ կլինեին, երկրորդ ուժը կլիներ «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ «Հայաստան» դաշինքն ավելի քիչ ձայնով ընդդիմադիր ուժ կլիներ»,- նշեց Խուրշուդյանը։

Ամեն դեպքում, ըստ մեր զրուցակցի, այդ երկու ընդդիմադիր ուժերը շատ ավելի մեծ ծավալի ընտրակաշառք են բաժանել, քան ստացել են ձայներ։ «Հասարակությունը իրենց պատժեց։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր իրենցից կաշառք էին վերցրել, իրենց չընտրեցին ու պատժեցին 20 տարի նույն ընտրողին նվաստացնելու, կեղեքելու համար։ Մարդիկ ապուշ չեն ու ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ընտրողների մեծ մասը քաղաքացիական գիտակցություն դրսևորեց և չընտրեց այդ կեղեքիչներին, ովքեր իրենցից թալանված գումարներն են  վերադարձնում իրենց՝ գռոշների ձևով»,- եզրափակեց Խուրշուդյանը։

Արփի Հարությունյան