Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատում ռեպրեսիվ մեթոդներ չկան, բայց եթե որոշ գյուղապետեր մի քիչ թասիբ ունենան, դիմում կգրեն, դուրս կգան․ Ռազմիկ Թևոնյան․ Տեսանյութ

Արարատում ռեպրեսիվ մեթոդներ չկան, բայց եթե որոշ գյուղապետեր մի քիչ թասիբ ունենան, դիմում կգրեն, դուրս կգան․ Ռազմիկ Թևոնյան․ Տեսանյութ
Հարցազրույց
18:04, 29 июнь 2021
Արդեն տևական ժամանակ է, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Արարատի մարզպետը ճնշումներ է գործադրում որոշ գյուղապետերի նկատմամբ։
 
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ։  

«Ռեպրեսիվ մեթոդներ չկան, բայց օրինակ որևէ գյուղի գյուղապետ թեկնածու է եղել և հավաքել է 60 ձայն, ո՞նց եք գտնում, նման գյուղապետը իմաստ ունի, որ աշխատի։ Եթե ինքը մի քիչ թասիբ ունենա, դիմում կգրի և դուրս կգա իր աշխատանքից, որովհետև ժողովուրդը չի ընտրել, չի ընդունում իրեն։ Մանավանդ, որ կան գյուղեր, որտեղ ժողովուրդը զզվում է այդպիսի մարդկանցից։ Անհարմար է, դուք ձեր բախտից բողոքեք, ձեր աշխատանքից բողոքեք, որ թեկնածու եք եղել 60,80,90 ձայն եք հավաքել, ամոթ չի։ Դեռ մի բան էլ լրատվական դաշտում բողոքում են, ասում են՝ մեզ ռեպրեսիաների են ենթարկում»,- ասաց Ռազմիկ Թևոնյանը։    

Նշենք նաև, որ մինչև մարզպետ նշանակվելը Ռազմիկ Թևոնյանը եղել է  Երասխի գինու գործարանի տնօրենը և մամուլում լուրեր էին շրջանառվել, թե վերջինս դեռևս գրանցված է  որպես գործարանի տնօրեն, սակայն մեզ հետ զրույցում մարզպետն ասաց, որ ինքը մարզպետ նշանակվելուց անմիջապես հետո ազատման դիմում է գրել և խնդիրը կապված չէ իր հետ։ 

Խոսելով նաև ծիրանի մթերման մասին, Ռազմիկ Թևոնյանն ասաց, որ այս պահին ծիրանի մթերումն Արարատի մարզում ավարտվել է, բերքը սպասվածից քիչ է եղել, իսկ մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջացել։ Ինչ վերաբերում  է ջրի  խնդրին, ապա մարզպետը նշեց, որ իրենց մարզում ամեն ինչ անում են, որ խնդիրները լուծեն, սակայն դեռևս ջրի հետ կապված մեծ խնդիրներ չեն առաջացել։

Խոսելով նաև սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մարզպետն ասաց, որ այս տարի ներկայացվել է 80 սուբվենցիոն ծրագիր, և 30-ից ավելի ծրագրերն արդեն ընթացքի մեջ են։  

Մանրամասները՝ տեսանյութում