Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չի կարող լինել, որ իշխող թիմի՝ ավագանու հետ քաղաքապետը որոշի, որ չի աշխատելու, բայց նիստերին հարցեր բերի, ասի՝ եկեք քվեարկեք՝ տենց ա պետք. քաղաքը «տենց ա պետք»-ով չի կառավարվում. Լևոն Զաքարյան

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների թեմայով Civic.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամի թեկնածու, գործող ավագանու անդամ Լևոն Զաքարյանի հետ։ 

Մեկնաբանելով քաղաքը կառավարելու արդյունավետության մասին հարցը՝ Զաքարյանն ասաց, որ պետք է նաև գնահատել, թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, իսկ քաղաքացիները պետք է ընտրություն կատարելիս առաջնորդվեն, թե ինչպես է աշխատել գործող թիմը, իր նախորդ ծրագրի քանի տոկոսն է իրականացրել, իսկ ընդդիմադիր ուժերի դեպքում՝ արդյոք նրանց առաջարկած ծրագրերը իրագործելի՞ են, խելքին մո՞տ են։  

«Անկեղծ լինեմ՝ մենք հիմա շահեկան վիճակում ենք, որովհետև մենք ունենք կատարված աշխատանքներ, և երևանցիները դրանում համոզվել են։ Դրանք խոսուն թվեր են, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Օրինակ՝ 500-600 ավտոբուսները անհնար է չտեսնել քաղաքում, մինչև տարեվերջ կունենանք մինչև 1600 փոխված լիֆտ․․․ 210 բակ է հիմնանորոգվել միայն այս տարի»,- ասաց նա։ 
Ո՞վ է ավտոբուսների փոխարինման հեղինակը։ ՔՊ-ից նշում են՝ ասեցի՛ք փոխեք, փոխեցինք, Հայկ Մարությանն ասում է՝ խոստացա՛նք, փոխեցինք։ 
 
Ըստ Զաքարյանի՝ դա ունի հստակ պատասխան՝ դա արել է քաղաքական թիմը՝ «Իմ քայլը» դաշինքը։ «Անունն իսկ հուշում է՝ Երևանի ավագանու ընտրություններ։ Չի ասվում՝ Երևան քաղաքի քաղաքապետի ընտրություններ։ Ավագանին է այն թիմը, որը որոշումներ է կայացնում, և շատ ժամանակ այդ որոշումները ոչ ոքի համար տեսանելի չեն»,- ասաց Զաքարյանն ու ավելացրեց, որ քաղաքապետի դերը շատ մեծ է, բայց որոշումներ կայացնում է ավագանին։

Զաքարյանը նաև փաստեր բերեց, երբ ավագանու և քաղաքապետի դիրքորոշումները տարբեր են եղել, և այդ հարցերը կա՛մ ավագանու պահանջով օրակարգից հանվել են, կա՛մ քվեարկության ժամանակ հստակ երևացել է, որ կարծիքները տարբեր են։ 

Մեկնաբանելով ավագանու նիստերի ժամանակ ավագանու անդամների փոքրաթիվ ներկայությունը՝ ավագանու անդամն ասաց, որ երբ դիրքորոշումների տարբերություն է եղել, սակայն քաղաքապետը որոշել է, որ այդ հարցը այնուամենայնիվ պետք է բերվի ավագանու նիստերի օրակարգ, հակառակ կարծիք ունեցող ավագանու անդամները ուղղակի չեն ներկայացել նիստերին։ Զաքարյանը սա սաբոտաժ չի որակում։ «Ես ինքս շատ անգամ, երբ անհամաձայնություն եմ ունեցել, մասնակցել եմ ավագանու նիստին, բայց կոնկրետ այդ հարցի քվեարկության ժամանակ դուրս եմ եկել դահլիճից ու չեմ մասնակցել քվեարկությանը։ Եթե խոսքը վերաբերում է ավտոբուսների թեմային, ես կարող եմ ուրիշ դեպք էլ պատմել, երբ այդ մարդիկ այդ հարցում անհամաձայնություն ունեին քաղաքապետի հետ, մեկ այլ հարցում շատ համաձայն էին քաղաքապետի հետ»,- ասաց Զաքարյանն ու օրինակ բերեց, որ եղել են իրավիճակներ, երբ ավտոբուսների թեմայով քաղաքապետին դեմ եղած մարդիկ կողմ են եղել մեկ այլ հարցում քաղաքապետի հետ և կողմ են քվեարկել, չնայած նրան, որ ինքը՝ Լևոն Զաքարյանը, դեմ է եղել և դեմ է քվեարկել. «Այսինքն՝ նորմալ աշխատանքային պրոցես է։ Մեզ որևէ մեկը չի ասել՝ գնացեք սենց քվեարկեք կամ նենց քվեարկեք։ Իրականում նորմալ է նաև, որ գործող քաղաքական ուժը ունենա իր հստակ դիրքորոշումները, որոնք կարող է հայտնել ավագանու իր անդամներին, և նորմալ է, որ, օրինակ, ՔՊ-ական ցանկացած անդամ հաղորդակցվի ու իմանա իր կուսակցության դիրքորոշումները»։

 Ի պատասխան Հայկ Մարությանի այն պնդմանը, թե իր՝ պաշտոնից ազատվելուց հետո շատ բարեփոխումներ ոչ միայն դանդաղել են, այլև հակառակ ուղղությամբ են ընթացել, Լևոն Զաքարյանն ասաց, որ եթե խոսքը համայնքային ՀՈԱԿ-ներ ստեղծելու մասին է, որոնք ստեղծվել են քաղաքապետի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ, ապա այդ ՀՈԱԿ-ները շարունակում են գործել նույնությամբ, և խոսել դրանց՝ հակառակ հունով գնալու մասին՝ անտեղի է։

Անդրադառնալով Մարությանի իմպիչմենտին, որն, ըստ նախկին քաղաքապետի, անհիմն է եղել, ավագանու անդամն ասաց, որ քաղաքապետի և ավագանու միջև խզում կար, և դա միակողմանի չի եղել, նաև միանգամից չի տեղի ունեցել։ «Ասել, որ միակողմանի է եղել, և դրա մեղավորը ՔՊ-ի ավագանու անդամներն են՝ ազնիվ չեմ համարի։ Հարցը շատ բազմաշերտ է։ Մարությանի և ավագանու խզումն առաջացել է ժամանակի ընթացքում և եղել է երկկողմանի։ Եվ երբ Մարությանն իր ներկայացման մեջ ասում է՝ ինձ ասացին Քոչարյանի հետ հանդիպել ես՝ գնա, ես կարող եմ պարոն Մարությանին ապացուցել, որ դա այդպես չէ։ Պատճառը եղել է քաղաքական թիմի հետ չաշխատելը։ Չի կարող այնպես լինել, որ իշխող քաղաքական թիմի՝ ավագանու հետ քաղաքապետը որոշի, որ չի աշխատելու, ցանկություն չկա, բայց նիստերին հարցեր բերի, ասի՝ եկեք քվեարկեք, որովհետև տենց ա պետք։ Քաղաքը «տենց ա պետք»-ով չի կառավարվում։ Քաղաքը կառավարվում է քաղաքական որոշումների և մասնագիտական եզրակացությունների, հանձնաժողովների աշխատանքի և ավագանիում տեղի ունեցող քննարկումների և քվեարկությունների, որոշումների հիման վրա»,- ասաց Լևոն Զաքարյանը։

Ավագանու գործող անդամը նշեց, որ իրենց թիմը բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել, նոր ծրագրով էլ նախատեսում են ևս 200-ից ավելի ավտոբուսներ ներկրել, որոնք էլեկտրական են լինելու, բացի դրանից՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ամբողջությամբ լուծվելու է քաղաքի վերելակների խնդիրը, նաև երկու ճոպանուղային գծեր են կառուցելու, մետրոպոլիտենի նոր կանգառ, և այսպես շարունակ։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան