Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են
Քաղաքականություն / Հայաստան
11:14, 06 февраль 2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին։
Որոշման նախագծում նշվում է.
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։
Բանն այն է, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին, ինչի կապակցությամբ նշվում է.
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Լուսինե Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել»: