Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անի համայնքի սեփական եկամուտներն ավելացել են 30 միլիոնով՝ դառնալով 228 միլիոն․ այդ գումարը կուղղվի համայնքի խնդիրների լուծմանը․ Արման Սարիբեկյան

Անի համայնքում, որտեղ տարիներով գրեթե աշխատանք չի կատարվել ու չի բարեկարգվել, արդեն աշխուժություն է նկատվում, և նախկին անշուք ու անգույն քաղաքը սկսել է գույներ ստանալ։ Խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Արման Սարիբեկյանը, կարելի է ասել, աշխատանքների իրականացումը սկսել է զրոյական կետից։ 

Մեզ հետ զրույցում Արման Սարիբեկյանն ասաց, որ համայնքում  ընդգրկված բոլոր 17 վարչական տարածքներում արդեն իրականացվում է մշտական աղբահանություն, իսկ շուտով նշյալ բոլոր տարածքները կհամալրվեն նոր աղբամաններով։ Աղբամանները Մարալիկում, Ձորակապում հիմնականում ցանկապատվել, փակվել են, որ մաքրությունն առավել տեսանելի և հարմարավետ լինի բնակչի համար, իսկ համայնքի միջոցներով ձեռք բերված թրթուրավոր տեխնիկայով աղբավայրն ու  դաշտամիջյան ճանապարհներն են մաքրել։ 

«Բազմաբնակարան շենքերի բակերն ամբողջությամբ լուսավորվել են։ Բակերում ընդհանրապես չի եղել լուսավորություն։ Նոր լուսավորության ցանց ենք տեղադրել, արդիականացրել ենք, 300-400 լեդ լամպեր ենք տեղադրել։ Փոսալցում ենք արել Մարալիկում, Ձորակապում, Սառնաղբյուրում, Լուսաղբյուրում»,- ասաց Արման Սարիբեկյանը։ 

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ մեծ թափով իրականացնում են ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքներ, ապամոնտաժել են նաև 88-ի երկրաշարժից հետո տեղադրված մոտ 80 ինքնակամ տնակներ, ավտոտնակներ, մառաններ։ Իսկ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի միջոցների հաշվին։

 «Ամբողջ համայնքում վերականգնվել են վնասված լույսերը։ Հիմա 90-95 տոկոսով բոլորն աշխատում են։ Զուգահեռ էլ ընդհանուր քաղաքի լուսավորությունն է ավելացվում՝ համ տոնական, համ էլ ավելի գեղեցիկ դարձնելու համար. համայնքապետարանի շենքը, մշակույթի տունը, երաժշտական դպրոցը, մշակույթի դպրոցը մշտապես կլինեն լուսավորված։ Ջրահեռացման համակարգը ինչքան որ գոյություն ունի, բոլորը մաքրվել են, խաղահրապարակների, զբոսայգիների վերանորոգման աշխատանքներ են կատարվել, անասունների խմոցների հետ կապված 3-4  գյուղերում ընդհանուր 4-5 կմ չափով ջրագծի անցկացում ենք կատարել, որ անասունների խմոցներ տեղադրվեն։ Համայնքի բյուջեի հետ կապված սեփական եկամուտներն ենք ընդլայնել։ Անցած տարվա համեմատ այս պահի դրությամբ արդեն 30 միլիոնի տարբերություն ունենք, նախկին համայնքապետը տարին փակել է 197 միլիոնով, այս պահին 228 միլիոն է»,- ասաց Արման Սարիբեկյանը։
Խոսելով նաև համայնքի մշակութային և սպորտային կյանքի մասին՝ համայնքի ղեկավարն ասաց, որ այստեղ ևս բավականին առաջընթաց են արձանագրել։ Համայնքի արդեն  4-5 գյուղում մշակութային խմբակներ են գործում՝ պարի, նկարչության, ինչպես նաև զգալի թվով ավելացել են սպորտային խմբակները. ներկայումս 17 գյուղից 10-ում գործում են սպորտային խմբակներ, իսկ նախկինում մի քանի գյուղում էր գործում։ 

Բացի դրանից, Արման Սարիբեկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով, Կառավարության ծրագրով Մարալիկ քաղաքում 150 երեխայի համար կառուցվելու է նոր մանկապարտեզ, իսկ Քարաբերդում կկառուցվի մանկապարտեզ 50 երեխայի համար, 2024 թվականին պետական ծրագրով Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Շիրակավան և Ջրափի գյուղերում կկառուցվեն նոր դպրոցներ։
2024 թվականին Կառավարության ծրագրով կվերանորոգվի նաև Անի համայնքի մարզադաշտը։ Արման Սարիբեկյանը հայտնեց, որ  2024 թվականի համար Անի համայնքը ներկայացրել է հետևյալ սուբվենցիոն հայտերը. «Երեք գյուղի մուտքերի կիլոմետրուկես ճանապարհի վերանորոգում, տանիքների վերանորոգում, Մարալիկում 5 կմ կոյուղու կառուցում, որոշ փողոցների ասֆալտապատում։ Նախագծերն արդեն պատրաստ են»։ 

Նշենք նաև, որ Անի համայնքը ևս պատրաստվում է Ամանորին, գլխավոր տոնածառն արդեն տեղադրված է, քաղաքում ամանորյա լուսավորության և զարդարման աշխատանքներ են իրականացվում։ Համայնքի ղեկավարի խոսքով՝  փորձում են այնպես անել, որ ոչ մի գյուղ դուրս չմնա տոնական զարդարանքից։ Բացի դրանից, համայնքի առաջինից 5-րդ դասարանների աշակերտների համար համայնքը նվերներ է պատրաստել, և նախատեսված է նախատոնական մեծ միջոցառում Մարալիկ քաղաքի հրապարակում։

Լիլիթ Թադևոսյան 

Մանրամասները՝ տեսանյութում