Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը ելումուտ կատարել Հայաստան այս տարվա երկու ամիսներին

Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը ելումուտ կատարել Հայաստան  այս տարվա երկու ամիսներին
Հասարակություն
16:35, 09 апрель 2024
Այս տարեսկզբին՝ հունվար-փետրվարին, Հայաստանի Հանրապետություն  մուտք է գործել 595 652 մարդ, ելք կատարել՝ 585 492 մարդ։ Civic.am-ն այս մասին  տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Մասնավորապես հունվարին հանրապետություն է մուտք գործել  326 252, ելք կատարել  308 129   մարդ, փետրվարին էլ մուտք է ունեցել 269 400 մարդ, ելք՝ 277 363 մարդ։ 

ՀՀ մուտք գործած մարդկանց ճնշող մեծամասնությունը հունվար-փետրվարին ՀՀ քաղաքացիություն ունեցողներն են՝ 278 315 մարդ, նրանցից 255 633-ը  անցած երկու ամիսներին դուրս է եկել ՀՀ-ից։  

Երկրորդ տեղում են ՌԴ քաղաքացիություն ունեցողները՝ նրանցից 171 771-ը մուտք է գործել,   179 639-ը դուրս է եկել ՀՀ-ից։ 
Հարևան Վրաստանի քաղաքացիություն ունեցողներից  ՀՀ մուտք և ելք է ունեցել  համապատասխանաբար 58 373  և 55 894   մարդ, Իրանի քաղաքացիություն ունեցող՝ 20 116  և 21 973 մարդ։ Մեր երկիր ձմռան երկու ամիսներին մուտք է գործել Հնդկաստանի քաղաքացիություն ունեցող 8 961 մարդ,  10 702-ը՝ դուրս եկել։ 

ՀՀ մյուս հարևանի՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 675 մարդ  հունվար-փետրվարին մուտք է գործել մեր երկիր, 1 621-ը՝ դուրս եկել։  Ուկրաինայի քաղաքացիություն ունեցողներից էլ 6 899-ն է մուտք է գործել, 7 201-ը դուրս եկել։  
Նշենք, որ ՀՀ ելումուտ ունեցած քաղաքացիների թվում են եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես  Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Մարոկոյի, Թաիլանդի, Բրազիլիայի, Հորդանանի քաղաքացիություն ունեցողներ։ Այլ երկրներից մեր երկիր հաշվետու ժամանակաշրջանում մուտք է ունեցել 2 889 քաղաքացի, ելք՝ 2 876 քաղաքացի։ 

ՀՀ ժամանած և մեկնած  քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ՀՀ սահմանը հատել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ 318 075   մարդ հունվարին մուտք է գործել, 112 739-ը՝ ելք ունեցել, փետրվարին էլ  321 004   մարդ մուտք է գործել, 105 225-ը՝ ելք ունեցել։ Բագրատաշենի անցակետով հունվարին մուտք է գործել 164 430  մարդ, ելք կատարել՝ 111 981-ը,  փետրվարին էլ մուտք է գործել 155 297 մարդ,  100 385-ը՝ ելք ունեցել։ 

ՀՀ պետական սահմանի և անցման կետերով նույնպես՝ Մեղրի, Գյումրի, Այրում, Գոգավան, Բավրա, Պրիվոլնոյե, Կարգո, տեղի են ունեցել սահմանահատումներ։