Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ունենք լուրջ մարտահրավերներ՝ կապված մի շարք այնպիսի հանցակազմերի հետ, որոնք մեզ համար նոր են. Սասուն Խաչատրյան

Այսօր ունենք լուրջ մարտահրավերներ՝ կապված մի շարք այնպիսի հանցակազմերի հետ, որոնք մեզ համար նոր են. Սասուն Խաչատրյան
Հասարակություն
11:56, 10 сентябрь 2021
«Ես հիշում եմ, որ ոստիկանության համակարգի քննիչների աշխատանքն ավելի օպերատիվ էր ստացվում, որովհետև իրենք իրենց մարմնում ունեին հենց այդ օպերատիվ ծառայությունը»,- ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցների ժամանակ այսօր ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արդյոք քննչական մարմինը նորից ոստիկանության կազմում միավորելը որոշակի վտանգ չի՞ պարունակում։ 

Սասուն Խաչատրյանը նաև նշեց, որ ինչի մասին ուզում են խոսեն, իրենք չեն կարող չխոսել գերատեսչական շահի մասին, որը միշտ առկա է, և բնականաբար, այդ գերատեսչական շահից ելնելով՝ շատ հաճախ այն մարմինը, որը նախաքննություն է իրականացնում և ունի օպերատիվ  ծառայություն, ավելի արդյունավետ և արագ է գործում։ 

«Այսօր մենք ունենք դրա օրինակը ԱԱԾ-ում, ունենք դրա օրինակը ՊԵԿ-ում։ Եվ բացի դրանից, կարծում եմ՝ մի մարմնում զետեղված լինելու հանգամանքն ավելի է քչացնում ինֆորմացիայի դուրս գալը։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դա կարող է բացասաբար ազդել օբյեկտիվության վրա, ապա ես կողմ չեմ, որ մենք ղեկավարվենք ապօրինության կանխավարկածով։ Եթե լինեն նման դեպքեր, յուրաքանչյուր նման դեպքին, կարծում եմ, կտրվի արժանի գնահատական»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Հարցին, թե իր ղեկավարած կառույցում ինչ թերություններ ու ձեռքբերումներ կնշի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ ձեռքբերումներից չի խոսի, իսկ թերություններ ունեցել են՝ հիմնականում կապված ծանրաբեռնվածության հետ, որի աճի պայմաններում, անշուշտ, որակը տուժում է, խնդիրներ են ունեցել՝ կապված կադրերի արտահոսքի հետ, ինչը եղել է ոչ միայն քննչական մարմիններից, այլև բոլոր պետական ծառայություններից։ 

Նա նշեց, որ հիմնականում լավ կադրերը գնում էին փաստաբանական գործունեության ոլորտ, շատերը փորձում են դառնալ դատավոր։
«Կադրերի կրթության խնդիրն է ամենակարևորը, որովհետև մենք այսօր ունենք լուրջ մարտահրավերներ՝ կապված մի շարք այնպիսի հանցակազմերի հետ, որոնք մեզ համար նոր են։ Ճիշտ է՝ փողերի լվացումը վաղուց է իրականացված, ապօրինի հարստացումը նույնպես քրեականացվել է 2017 թվականին. այդ հանցակազմերը մեզ համար դասական հանցակազմեր չեն, և պետք է շարունակական կրթություն տարվի՝ այդ բնույթի հանցագործությունների քննության մեթոդիկան բարելավելու, սերտելու, որպեսզի ավելի արդյունավետ գործենք։

Միջազգային կազմակերպությունների հետո գործող այդ սեմինարների ժամանակ, երբ միջազգային փորձագետներ են գալիս, այս տարիներին հիմնականում իմ խնդրանքը բոլորին եղել է այն, որ մեզ ներկայացվեն կոնկրետ հաջողված գործեր, որպեսզի քննիչները այդ գործերի օրինակով կարողանան որոշակի ալգորիթմ մշակել, որոշակի մեթոդական ցուցումներ մշակել քննիչների համար»,- ասաց Սասուն Խաչատրյանը։