Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր հասարակության մեջ ցուցմունք չտալու, լավ տղա լինելու, գողական բարքերը, այդ ենթամշակույթով ապրելը արմատացած են․ ՀՔԾ պետ

Մեր հասարակության մեջ ցուցմունք չտալու, լավ տղա լինելու, գողական բարքերը, այդ ենթամշակույթով ապրելը արմատացած են․ ՀՔԾ պետ
Հասարակություն
13:37, 10 сентябрь 2021
«Մենք ուզենք, թե չուզենք՝ մեր հասարակության մեջ այդ ցուցմունք չտալու, լավ տղա լինելու, գողական բարքերը, այդ ենթամշակույթով ապրելը արմատացած են։ Եկեք բոլորս էլ ընդունենք, որ երևի թե բոլորս էլ մեր երեխաներին ասում ենք, որ խաբար տալը լավ բան չի, որ տեսնում ես՝ մի ասա։ Սա մեր հայկական մենթալիտետն է»,- այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցների ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են սուտ մատնության վերաբերյալ հարուցված քրեական գործերն ամենաշատը։  

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ այդ պայմաններում արդյունքում ունենում ենք այն, որ նախաքննության ընթացքում հաճախ պաշտպանի ներկայությամբ, հետո երբ գնում են դատարան և արդեն ամբաստանյալի աթոռին նստած անձի դիմաց պետք է այդ նույն ցումունքը տան, իրենց ոչինչ չի մնում անելու, քանի որ նրանք էլ ապրում են այդ նույն ենթամշակույթի օրենքներով կամ հանրության ճնշման տակ հաճախ ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն է  գործադրվել։ 

«Աբսուրդի էլ է հասնում, իր ձեռքով գրված ցուցմունքը անձը  հաճախ ասում է՝ ես չեմ գրել, քննիչն է գրել, փորձաքննություն ենք նշանակում, տեսնում ենք՝ իր ձեռքով գրված ցուցմունք է։ Կամ պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքի մասին ասում է՝ իմ նկատմամբ խոշտանգում է իրականացվել, իմ նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել, այդ իսկ պատճառով ես այդ ցուցմունքը տվել եմ։

Հիմնականում դա լինում է այն դեպքերում, երբ այդ ցուցմունք տվող անձինք գտնվում են ազատազրկման վայրերում, որովհետև ազատազրկման վայրերում գտնվող անձի վրա ավելի հեշտ է ազդել, նա ավելի հեշտ խոցելի է, սրանով կբացատրեմ սուտ մատնությունների մեծ թիվը»,- ասաց Սասուն Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ այն նորամուծությունը, որ քննչական գործողությունները պետք է մեծամասամբ տեսաձայնագրվեն, մեծապես կօգնի այս խնդրի լուծմանը։ 

Նա նաև նշեց, որ պետք է քրեակատարողական համակարգում լուրջ փոփոխություններ անեն այդ ենթամշակութային բարքերը վերացնելու ուղղությամբ։ 
 
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հիմնականում ՔԿՀ-ներում խնդիրը սկսվում է այն բանից հետո, երբ մեղադրյալին տալիս են մեղադրական եզրակացությունը, որը պարտավոր է  իր հետ տանել խուց. նման չգրված օրենքներ կան։ 

«Այդ մեղադրական եզրակացության մեջ արդեն շարադրված են գործի բոլոր տվյալները, բոլոր անձանց ցուցմունքները, ով ինչ պայմաններում ինչ է ասել։ Կարծում եմ՝ պետք է ինչ-որ մի մեխանիզմ մտածել, որ այս փաստաթուղթը և քրեական գործի նյութերը հասանելի չլինեն այլ խցակիցներին։ Չգիտեմ՝ դա ոնց է հնարավոր անել, բայց ինչ-որ մի բանով ինձ թվում է՝ կօգնի դա»,- ասաց Սասուն Խաչատրյանը։