Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանում միջնորդություններ և հայտարարություններ անելիս դրանք պետք է փաստարկված լինեն, ոչ թե վերացական․ դատախազը՝ պաշտպանին

Դատարանում միջնորդություններ և հայտարարություններ անելիս դրանք պետք է փաստարկված լինեն, ոչ թե վերացական․ դատախազը՝ պաշտպանին
Իրավունք
16:06, 01 июль 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին նախազգուշացնել՝ սուտ մատնության համար սահմանված պատասխանատվության մասին։

Նշենք,որ դատական նիստի ժամանակ Ամրամ Մակինյանը միջնորդել էր ՀՔԾ-ից տեղեկություններ ստանալ 2019թ․-ի հոկտեմբերի 5-ին Սերգո Կարապետյանի հետ կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին։ Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Սերգո Կարապետյանի նկատմամբ հարկադրանք գործադրված լինի։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանը նշեց, որ դատարանում միջնորդություններ և հայտարարություններ անելիս դրանք պետք է փաստարկված լինեն, ոչ թե վերացական։

«Ենթադրությունների հիման վրա ցանկացած մարդ կարող է ազդել, բայց այդ ենթադրությունները պետք է ունենան փաստական հիմքեր։

Վկայի համար ցուցմունք տալը պարտականություն է, իսկ մեղադրյալի համար դա իրավունք է։ Հետևաբար եթե Սերգո Կարապետյանը ցուցմունք է տալիս, որը նաև վերաբերում է իր ենթադրյալ կատարած հանցանքին, ապա Սերգո Կարապետյանը լռելու իրավունք ուներ»,-ասաց դատախազը։

Դատարանը միջնորդության լուծումը հետաձգեց փաստաթղթերը հետազոտելու նպատակով։