Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին 2 տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող մեքենայից, ես շատ քիչ եմ վարում, քանի որ ունեմ ծառայողական մեքենա․ Սասուն Խաչատրյան․ Տեսանյութ

Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհրդում ստացվել են բոլոր երեք հայցորդների բարեվարքության տեղեկանքները: Այսօր մրցույթի ամենակարևոր փուլն է՝ Սասուն Խաչատրյանի, Գառնիկ Թորոսյանի և Դավիթ Մկրտումյանի հարցազրույցները:

«Ձեր դուստրը 4,3 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել, նվիրատուների մեջ է նաև Տիգրան Գևորգյանը, ում ձեր կինը 2018թ. նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Կպարզաբանե՞ք այս տեղեկությունը»,- այսօր հարցազրույցի ժամանակ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Սասուն Խաչատրյանին այս հարցն ուղղեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
 
«Աղջիկս անցած տարի ամուսնացել է, երկու կողմի հարազատներն են այդ նվիրատվությունը փոխանցել իր հարսանիքի ժամանակ»,- նշեց Խաչատրյանը:
 
Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ նաև Խաչատրյանի դուստրերից մեկի աշխատատեղին, ով 2018 թվականից աշխատում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ում. «ՊՈԱԿ-ը պետական ենթակայութան մարմին է։ Արդյոք Ձեր՝ Հատուկ քննչական ծառայության պետ լինելու գործոնը որքանո՞վ է ազդել իր աշխատանքի  տեղավորման վրա, և որքանո՞վ Ձեր դստեր՝ պետական մարմնին ենթակա կառույցում աշխատելը կարող է Ձեզ կաշկանդել այդ մարմնում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիոն գործերի՝ Ձեր ենթակայության տակ քննվելուն»։
 
Պարոն Խաչատրյանը բացառեց որևէ ձևով իր կաշկանդվածությունը այդ իրավիճակում. «Ինչ վերաբերում է իմ ազդեցությանը դստերս աշխատանքի ընդունվելու հարցում, նշեմ, որ աղջիկս ավարտել է Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, և ինքներդ էլ գիտեք, որ այդ բուհը լավ մասնագետներ է պատրաստում։ Եթե չեմ սխալվում, իմ դստեր աշխատավարձը ամսական մոտ 200.000 դրամ է, և եթե ես փորձեի միջամտել, երևի թե կուզենայի ավելի բարձր վարձատրվող ինչ-որ մասնավոր ոլորտում ինչ-որ աշխատանք գտնել նրա համար, բայց նա սիրում է իր աշխատանքը և հաճույքով է անում այն. ես որևէ ձևով չեմ միջամտել»։
 
Անդրադառնալով իրեն պատկանող գույքերի մասին հարցին՝ Խաչատրյանը նշեց, որ բնակարան ձեռք է բերել հիփոթեքային վարկով՝ պետական ծրագրի շրջանակներում, «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից։
 
Նա նաև տեղեկացրեց, որ ավտոմեքենա չունի. «Վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից: Նա մի քանի ավտոմեքենա ունի: Ես հազվադեպ եմ վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա»: