Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին․ Գևորգ Գյոզալյան

Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին․ Գևորգ Գյոզալյան
Հասարակություն
10:32, 17 сентябрь 2021
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի լրագրողներ, սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի և հարցերի հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետևյալն է.

1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի և կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական կառույցի զարգացման նպատակները, միաժամանակ, ըստ արատավոր սիստեմի, այսօրվանից չի նշանակի իր ժառանգին, ապա ես հրապարակային կծափահարեմ իրեն և հանգիստ կզբաղվեմ իմ գործով,

2) Եթե նա կսպասարկի քաղաքական շահեր, չի տարանջատվի ներկայիս ՓՊ նախագահից, նրա ծանրակշիռ քաղաքական ազդեցությունը կթողնի ՓՊ-ում, կշարունակի տարբեր տեսակի քաղաքական հայտարարություններ ստորագրել այն ժամանակ, երբ իշխանությունը թույլ է, իսկ երբ իշխանությունը ուժեղ է «կանցնի ընդհատակ» և կմոռանա «հայրենիքի փրկության մասին», որի արդյունքում ՓՊ-ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կընկալվի ընդիմադիր կամ իշխանական շահեր սպասարկող ոչ պրոֆեսիոնալների կառույց, ապա ես իմ ջանքերը կդնեմ տարանջատվելու այդպիսի կառույցից:

3) Եթե դժբախտաբար կլինի 2-րդ կետում նշվածը, ապա ես կդիմեմ առնվազն այն 144 փաստաբաններին, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած 50+ տոկոս փաստաբաններին և նրանց կառաջարկեմ մեր ջանքերը կենտրոնացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ կառույցի ստեղծման գործին, դրանով իսկ հանրությանը ազդակ տալով, որ այս համայնքում կան ոչ միայն կուսակցական օրակարգեր սպասարկողներ, այլ նաև պրոֆեսիոնալներ, ովքեր հավասարապես ներկայացնելով թե իշխանական վստահորդներին և թե ընդդիմադիր վստահորդներին զբաղված չեն նրանց գովքով և չեն սպասարկում նրանց քաղաքական օրակարգերը: Բայց մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու, քանի որ ես ինքնանպատական քայլեր չեմ անում և մեր բոլորիս նպատակները պետք է ուղղված լինեն մասնագիտական և պրոֆեսիոնալ կառույց ունենալուն:

Հ.Գ. Սրանից ավել այլ մեկնաբանություն չունեմ, ուստի սիրելի լրագրողները խնդրում եմ օգտվեք այս փոսթից և այս հարցով մի զանգեք: Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:

Քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան:

Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից: