Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՓՊ-ը պետք է վեր լինի ամեն տեսակի խմորումներից, ճղճիմ շահերից. պալատը պետք է ապաքաղաքականացվի. Գևորգ Գյոզալյան․1in.am

ՓՊ-ը պետք է վեր լինի ամեն տեսակի խմորումներից, ճղճիմ շահերից. պալատը պետք է ապաքաղաքականացվի. Գևորգ Գյոզալյան․1in.am
Հասարակություն
13:52, 21 август 2021
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Ինչպես հայտնի է հիմնական թեկնածուն ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ՝ Սիմոն Բաբայանն է, ով նաև համարվում է ներկայիս ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի մտերիմը ու վայելում է նրա բացահայտ աջակցությունը։

Նրա հիմնական մրցակիցը թերևս լինելու է փաստաբան Գևորգ Գյոզալյանը, ով նախօրեին հրապարակավ հայտնեց իր առաջադրվելու մասին։ «Ես առաջադրվելու եմ ՓՊ նախագահի թեկնածու և փորձելում եմ իմ կոլեգաների հետ, կատարյալ սիրո մթնոլորտում խոսելու, որ տղե՛րք և աղջիկներ, եկեք զարգացնենք ՓՊ-ն, եկեք չթողնենք, որ այն դառնա նախարարություն, եկեք առաջ գնանք, եկեք չլճանանք: Հուսով եմ, որ իմ ձայնը լսելի կլինի՝ հանուն ՓՊ զարգացման»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գյոզալյանը։
Արդեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյոզալյանն ասաց, որ իր մեծագույն ցանկությունն է ապաքաղաքականացնել փաստաբանների պալատը.«Ես լիահույս եմ, որ նոր սերունդը, որը փակ համակարգում է գործունեություն ծավալել, իսկ փակ համակարգի անունը փաստաբանների դպրոց է, որտեղ նրանք առնչվել են միայն Սիմոն Բաբայանի և այն մարդկանց հետ, ովքեր առնվազն հավակնություններ չեն ունեցել փաստաբանների պալատի ինչ-որ մարմնում ներկայացված լինելուն։ Ես լիահույս եմ, որ նոր սերնդին կկարողանամ իմ ձայնը հասցնել, որպեսզի նրանք առաջնորդվեն ծրագրային դրույթներով։»,-ասաց Գյոզալյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրականում այս ընտրություններին յուրայինների ու ոչ յուրայինների խնդիրը չէ դրված, քանի որ Փաստաբանների պալատն այն աստիճան քաղաքականացված է, այն աստիճան բազմաշերտ է դարձել, որ արդեն հասկանալի չէ, թե ով ում է  յուրային, կամ ով ում է թշնամի։

«Նախկին բարեկամնեը թշնամիներ են դարձել, իսկ նախկին թշնամիները՝ բարեկամներ ու այդ ամենի հիմքում ընկած են քաղաքական պրոցեսները, որը, ըստ Գյոզալյանի,  խորապես ցավալի է.«Նրան, ինչին մենք ձգտում էինք նախկինում՝ մի քանի պալատը լուծարելով ու մեկ պալատ ստեղծելով, մենք անվերապահորեն հիմք  էինք ընդունում մասնագիտական այնպիսի կառույց ունենալը, որը վեր կլինի քաղաքական ու տարբեր տեսակի խմորումներից կամ անձանց սուբյեկտիվ, ճղճիմ շահերից։ Կյանքը ցույց տվեց, որ այդպես չեղավ ու ավելի խրվեցինք սուբյեկտիվ շահի, քաղաքական պրոցեսների, մերոնք-ձերոնք բաժանման մեջ։

Հիմա ես  փորձելու եմ այս ամենը հասցնել մեր փաստաբաններին և հայցել նրանց քվեն՝ այս ամբողջը արմատական փոփոխելու համար։ Կտան իրենց ձայնը ինձ՝ շատ լավ։ Չեն տա՝ կմնանք այն իներտ վիճակի մեջ, որում գտնվում ենք արդեն 8 տարի, եթե ոչ ավելին»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ նախընտրական ծրագիր է ներկայացնելու, չի ներքաշվելու ոչ մի տեսակի անձնական, փողոցային հարաբերությունների մեջ, չի քաղաքականացնելու պրոցեսը և չի պատասխանելու բոլոր այն հարցերին, որոնք առնչություն չեն ունենալու փաստաբանության զարգացման հետ.

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ քվե ստանալու դեպքում ինձ կհաջողվի ապաքաղաքականացնել փաստաբանների պալատը։ Իհարկե 4 տարին բավական քիչ է նման  մեծ խնդիրներ ունեցող պալատը մաքրելու համար, բայց համառ աշխատանքի շնորհիվ և  ոչ քաղաքական փաստաբանների շնորհիվ մեզ կհաջողվի պալատը դարձնել մասնագիտական միավորում, որը կլինի յուրահատուկ մի համալսարան, որտեղ մտքի ուժը կտիրապետի, այլ ոչ թե ցանկացած տեսակի շահ։ Եթե շահ, ապա միայն մասնագիտական շահ»,-ընդգծեց Գյոզալյանը։
Ինչպես արդեն նշեցինք այս պահին հայտնի է միայն Սիմոն Բաբայանի ու Գյոզալյանի առաջադրման մասին։ Մինչև օգոստոսի 20, ժամը 18։00-ն դեռ  կարող են թեկնածուներ առաջադրվել։

Աղբյուրը՝ 1in.am