Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանների վրա ժամանակին հարձակում գործած Սիմոն Բաբայանը՝ ՓՊ նախագահի թեկնածու. ի՞նչ է սպասվում խիստ քաղաքականացված ՓՊ-ին

Փաստաբանների վրա ժամանակին հարձակում գործած Սիմոն Բաբայանը՝ ՓՊ նախագահի թեկնածու. ի՞նչ է սպասվում խիստ քաղաքականացված ՓՊ-ին
Հայաստան
18:31, 18 август 2021
Այս տարվա սեպտեմբերի 12-ին նշանակված Փաստաբանական պալատի նախագահի ընտրությունների քարոզարշավը սկսվելու է օգոստոսի 21-ին, իսկ մինչև օգոստոսի 20-ը ներառյալ կլինեն թեկնածուների առաջադրումները։ Այս պահի դրությամբ տեղյակ ենք, որ որպես ՓՊ նախագահի թեկնածու է առաջադրվել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։

Սիմոն Բաբայանի առաջադրման վերաբերյալ Civic.am-ը զրուցել է  փաստաբաններ Գևորգ Գյոզալյանի և Նինա Կարապետյանցի հետ։ 
Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ուսումնական մասով պարոն Բաբայանը բավականին մեծ փորձ ունի, երկար ժամանակ դասավանդել է ԳԱԱ-ում,  դրանից հետո եկել է  փաստաբանության ոլորտ և ՓՊ խորհրդում է եղել, իսկ երբ Արա Զոհրաբյանը նշանակվեց ՓՊ նախագահ, կարճ ժամանակ անց նա դարձավ  Փաստաբանական դպրոցի տնօրենը և կրկին ավելի շատ ներգրավված է եղել ուսումնական հարցերով։  

«Այս առումով իմ կարծիքը նրա նկատմամբ  բավականին դրական լինելով հանդերձ՝ ես չեմ կարծում, որ նա Փաստաբանների պալատի նախագահի այն թեկնածուն է, որը կարող է փաստաբանական համայնքը ներկայացնել՝ իշխանություն-փաստաբանական համայնք հարաբերություններում,  փաստաբան-Պալատ հարաբերություններում և այլն, որովհետև նա իր տեսակով ավելի հանգիստ է և որոշակի ոչ ստանդարտ իրավիճակներում, կարծում եմ, չի կարողանալու ամեն դեպքում փաստաբանական համայնքի շահերը լավագույնս ներկայացնել։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ նա որևէ ձևով չի շեղվելու այն գծից, որը գծել է Արա Զոհրաբյանը։ Ավելին՝ երբեք չի կարող հակադրվել Արա Զոհրաբյանին, ըստ էության որևէ ձևով փորձ անգամ չանելով հակադրվել նախկին քաղաքականությանը, որը Արա Զոհրաբյանի կողմից ներդրվել է փաստաբանական համայնքում»,- ասաց Գևորգ Գյոզալյանը։ 

Հիշեցնելով Արա Զոհրաբյանի գործունեությունը՝ Գևորգ Գյոզալյանն ասաց, որ այս ընթացքում  փաստաբանական համայնքում երկու ճգնաժամ են ունեցել. երբ հեռացրին խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանին, այն ժամանակ Սիմոն Բաբայանը խորհրդի անդամ էր, ընդ որում,  այնպիսի պայմաններում, երբ նրան ասացին, թե անհարգելի պատճառներով խորհրդի նիստերին չի մասնակցել, բայց այդ ժամանակ առնվազն  որևէ  իրավական ակտով սահմանված չէր, թե որոնք են անհարգելի  պատճառները: Նա հիշեցրեց նաև Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի հետ կապված խնդիրները, փաստաբանների ծեծկռտուքը, այդ թվում՝ Սիմոն Բաբայանի մասնակցությամբ։ 

Տեղեկացնենք նաև, որ Գևորգ Գյոզալյանը ևս եղել է  ՓՊ խորհրդի անդամ, սակայն ճգնաժամի պատճառով դուրս է եկել խորհրդից: Բացի դրանից, նա դասավանդել է Փաստաբանական դպրոցում, սակայն երբ սկսել է  քննադատել Արա Զոհրաբյանին, նրա առջև փակվել են նաև դպրոցի դռները։ 

Խոսելով Բաբայանի մասնակցությամբ փաստաբանների միջադեպի մասին՝ Գևորգ Գյոզալյանն ասաց, որ չփորձելով խորանալ այդ կոնֆլիկտի մեջ՝ ինքն այն կարծիքին էր, որ առնվազն դրանից հետո Սիմոն Բաբայանը պետք է հրաժարական տար  Փաստաբանական դպրոցի տնօրենի և խորհրդի անդամի պաշտոնից։ 

«Ես հասկանում եմ, որ մարդկայնորեն հնարավոր է՝ նա ճիշտ է, ես հասկանում եմ, որ մարդկայնորեն կարող է մարդու էմոցիաները որոշակի առումով տեղի տան, բայց դա երբեք չի կարելի անել՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելով Փաստաբանների պալատում։ Դպրոցի տնօրեն լինելով՝ ունկնդիրներին ինքն ի՞նչ օրինակ էր տալիս։ Եթե դու գտնում ես, որ այդ հարցերը պետք է այդպես լուծես, շատ լավ, բայց այդ դեպքում դու պետք է հրաժարական տաս ու գնաս այդ հարցերն այդպես լուծես։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ ոչ միայն հրաժարական չտվեց պարոն Բաբայանը, այլ նաև արդարացրեց իր գործողությունները»,- ասաց Գևորգ Գյոզալյանը։  

Հիշեցնենք, որ  2017 թվականի ապրիլի 27-ին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը հայտարարել էին, որ այդ օրը Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը և ևս մեկ անձ ներխուժել են Աթանեսյանի գրասենյակ ու առանց որևէ խոսք ասելու հարձակվել իրենց վրա։ Միջադեպի արդյունքում Արմեն Սողոմոնյանը վնասվածք էր ստացել։ Սիմոն Բաբայանն էլ  պարզաբանել էր, որ ինքն իր երեք գործընկերների հետ գնացել է Աթանեսյանի գրասենյակ ոչ թե նրան ծեծելու, այլ պարզաբանում ստանալու համար: Իսկ պատճառը, ըստ Բաբայանի, Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումն էր, որում վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ էր ուղղել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ու նրա ընտանիքի հասցեին:
Գևորգ Գյոզալյանը նշեց, որ ութ տարի Պալատի քաղաքականությունը գնում էր այն ուղղությամբ, որ Արա Զոհրաբյանից հետո Սիմոն Բաբայանն է առաջադրվելու, այսինքն՝ այդ «ժառանգորդ» օպերացիան, որը բնորոշվել է փաստաբանների կողմից ու համայնքից չի հեռացել, դա այն է, որ Պալատի նախագահը միշտ իրենից հետո տեսել է ինչ-որ մեկին։

«Եվ ես չգիտեմ մի պալատի նախագահ, որն իրենից հետո որևէ մեկին չի տեսել ու ասել՝ ով ուզում է թող գա ազատ ընտրությունների արդյունքում: Ութ տարի Պալատում պատրաստվել է Սիմոն Բաբայանի այսօրվա առաջադրումը»,-ասաց Գևորգ Գյոզալյանը։      
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն էլ ասաց, որ իր համար Սիմոն Բաբայանի կերպարը բնութագրող ամենաէական դրվագը նրա մասնակցությամբ բռնության դեպքն էր, որից ինքը կարողացավ  անհասկանալի ձևերով բարեհաջող «պլստալ» ու պատասխանատվության չենթարկվել, երբ իրենք հարձակվել էին փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա՝ Աթանեսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում։ 

 
«Այսինքն՝ եկել, մի քանի հոգով բռնության էին ենթարկել և պատասխանատվության չէին ենթարկվել։ Ինձ համար սա շատ բնութագրող է, որովհետև լինելով մատաղ սերնդին դաստիարակող՝ այդ կառույցի ղեկավարը կողմնակից է բռնությամբ և ոչ թե օրենքով հարցեր լուծելուն, հետևաբար սա շատ ուժեղ գործոն է ինձ համար՝ բնութագրելու պարոն Բաբայանի կերպարը։ Սրանից զատ, ինչ էլ մնացածը դրական լինի, ինձ համար ընդունելի չի։ Մի բան է, երբ քեզ վրա փողոցում հարձակում է լինում, և դու փորձում ես ինքնապաշտպանվել, այլ բան է, երբ դու դիտավորությամբ խմբի հետ գնում-հասնում ես ինչ-որ տեղ, ինչ-որ մարդու հետ ռազբորկաներ անելու, երբ դու օրենքի, իրավունքի ներկայացուցիչ ես։ Եվ այս առումով ինքն ինձ համար ընդունելի չէ»,- ասաց Նինա Կարապետյանցը։    
Ի հավելումն՝ նա նշեց, որ Սիմոն Բաբայանի թեկնածությունն առաջադրելն իրենց համար կանխատեսելի էր, կանխատեսելի էր, որ Արա Զոհրաբյանն իր թափուր պաշտոնը կժառանգի Սիմոն Բաբայանին, որովհետև իրենք մի թիմից են, մի խմբից են։

Փաստաբանի խոսքով՝ իր համար շատ կարևոր ու բնութագրող էր, երբ պարոն Բաբայանը որևէ կերպ չարձագանքեց Փաստաբանների պալատի նախագահի կուսակցական լինելուն և կուսակցական պրոցեսներին մասնակցելուն։

«Չեմ զարմանա, եթե ինքը ընտրվի, որովհետև նույն ՓՊ-ի մի զգալի մասը, այդ թվում՝ հանրային պաշտպանների, որոնք վարձատրվում են պետության կողմից, հանդիսանում են Արա Զոհրաբյանի կուսակցության անդամներ, հետևաբար, ենթադրում եմ, այդ «կուռ թիմով» էլ կկարողանան պարոն Բաբայանի թեկնածությունն անցկացնել։ Առհասարակ  ՓՊ-ն ինքնին  խնդրահարույց կառույց է, և ժամանակն է այդ խնդիրն էլ լուծելու։ Արա Զոհրաբյանը միայն այնքանով, որ եղել է քաղաքականացված ու նաև ակնհայտորեն սատարել է մերժված ուժերին, ինձ համար նրա կերպարն ընդունելի չէ»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Նա ցավով նշեց, որ այս պահին «ընտրություններով» էլի փոփոխության հասնելու հնարավորություն չի տեսնում, որովհետև շատերն այս տարիներին անցել են Սիմոնյանի «թրի տակով», շատերն ուսանել են Փաստաբանական դպրոցում, ամենայն հավանականությամբ իրենք  կքվեարկեն Սիմոնյանի օգտին, այնպես որ՝ ընտրել են մի կերպար, որը առավելագույն ձայներ կհավաքի և առավելագույնս մտերիմ և  համակիր է Արա Զոհրաբյանին։ 

«Եթե Բաբայանն ընտրվի, Պալատում ըստ էության ոչինչ չի փոխվի, Պալատում ինչ-որ բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ մենք ունենանք մի քանի փաստաբանական պալատ։ Էլի տարբեր լուծումներ են առաջարկվում, բայց, ցավոք սրտի, դեռ շատ կարևոր հարցեր կան։ Օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի հնարավորություն  ստեղծվի ունենալու առնվազն երկու կամ երեք փաստաբանների պալատ, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի այս միապետությունը դադարեցնել, մարդիկ հնարավորություն կունենան իրենց համար ընտրելու առավել նեյտրալ, փաստաբանների շահերը առավել պաշտպանող, փաստաբանների անունից հանդես եկող ուժեղ կառույցներին անդամակցող, այլ ոչ թե  ստիպված լինեն ուղղակի անդամավճար վճարել ու չմասնակցել և ոչ մի գործողությունների, որոնք կատարվում են Պալատում»,- ասաց փաստաբանը։ 

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ժամանակին ունեցել են երեք փաստաբաանների պալատ, հետո որոշում կայացվեց միավորել այդ երեք պալատները, ստեղծել  մեկ միասնական պալատ, որի նպատակն ավելի ուժեղ, միասնական համայնք ունենալն էր, բայց արդյունքում ունեցան շատ ավելի թույլ ու խոցելի փաստաբանի կարգավիճակ։ 

«Որովհետև Պալատը շատ հազվադեպ է հանդես գալիս և վճռականություն դրսևորում, երբ անհրաժեշտություն կա պաշտպանելու փաստաբաններին։ Դրա ամենավառ օրինակը «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի գործերով  փաստաբանների աշխատանքը խոչընդոտելն էր, որի արդյունքում միջազգային հանրությունը, մասնավորապես մոտ 40 միջազգային  հեղինակավոր կառույցներ փաստաբանների աշխատանքը խոչընդոտելը դատապարտող հայտարարություն էին տարածել, իսկ Փաստաբանների պալատը շարունակում էր հանցավոր ռեժիմի հետ համագործակցել, և բոլոր պայմանները, բոլոր այն նպատակները, որոնք դրել էր հանցավոր ռեժիմը՝ փաստաբանների աշխատանքը խոչընդոտելու, ուղղակի սատարում էր»,- եզրափակեց Նինա Կարապետյանցը։     

Լիլիթ Թադևոսյան