Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության երաշխավոր Ռուսաստանը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում միջանցքային խոսակցությունների դեմն առնել». Ռուբեն Մեհրաբյանը՝ Անվտանգության ֆորումում

«Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության երաշխավոր Ռուսաստանը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում միջանցքային խոսակցությունների դեմն առնել». Ռուբեն Մեհրաբյանը՝ Անվտանգության ֆորումում
Հասարակություն
15:38, 27 сентябрь 2021
Երևանում այսօր Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի կողմից անցկացվեց Անվտանգության ֆորում։ 

Բացման խոսքով հանդես եկավ Ստեփան Սաֆարյանը, ապա ներկայացրեց զեկույց, որը բաղկացած էր 5 բաժիններից։ Առաջին բաժինն անդրադառնում է այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ տարածքի նկատմամբ արտահայտված հավակնություններին։ Երկրորդ բաժինը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստերին։

Երրորդ բաժինը բուն Արցախում հրադադարի եռակողմ հայտարարության, հրադադարի ռեժիմի խախտումների մասին է։ Չորրորդ բաժինը միջազգային իրավունքի սկզբունքներից ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սպառնալիքներին է վերաբերում։ Բաժիններից մեկը  վերաբերում է գերիների վերադարձի հետաձգմանը։ Զեկույցն ավարտվում է եզրակացությամբ։

«Զեկույցը փաստերի ամրագրման հիմքի վրա մեր կողմից  ամփոփվել է որպես Արցախի մնացյալ հատվածը հայաթափելուն ուղղված գործողություններ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Բանախոսներից Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձ կատարեց հետպատերազմյան մեկամյա ժամանակաշրջանի իրադարձությունների միջազգային չափմանը։ Մեհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանի ցանկություններն ու գործողությունները թափանցիկ են և ակնառու, սակայն մենք բախվում ենք մի խնդրի, որ Արցախի հարցը մնում է Մինսկի խմբի ձևաչափում, իսկ Ադրբեջանը պնդում է, թե հարցը լուծված է։ «Որ հարց կա՝ դրա մասին խոսում են և՛ Երևանը, և՛ Վաշինգտոնը, և՛ Փարիզը, և՛ Մոսկվան։ Ընդ որում, Երևանը խոսում է միջազգային հանրության հետ, միջազգային հանրության լեզվով, ինչը չկա Ադրբեջանի մոտ։ Բայց մենք արձագանք չենք տեսնում սրա հետ կապված, եթե չհաշվենք այն նոր տենդենցը, եթե դա, իհարկե, տենդենց է, այլ ոչ՝  միանվագ իրադարձություն։ Խոսքը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդունված Պաշտպանության մասին օրենքի մի ամբողջ հինգ ուղղումների մասին է՝ կապված հենց այս պատերազմի համատեքստի հետ։ Ժողովրդավարական հանրության կողմից մենք, ի վերջո, իրավունք ունենք ակնկալելու շատ ավելի ակտիվ արձագանք և դիրքորոշում, քան մենք տեսել ենք մինչ օրս։ Իհարկե, մեզ հիմա իրատեսության դասեր կտան, որ միշտ էլ այդպես է եղել, բայց մենք այդ ամենը գիտենք, բայց, այնուամենայնիվ, հարցը մնում է մակերեսին։ Այս բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը, որը մեզ համար մնում է որպես բացարձակ հրամայական և բացարձակ առաջնահերթություն, ի վերջո իրականություն դարձնելու համար մենք տեսնում ենք, որ առանց միջազգային ճնշման, առանց Ալիևի ռեժիմին իրատեսության դաշտ վերադարձնելու այդ խոսակցությունները՝ բանակցությունների վերականգնման անհրաժեշտության մասին, կմնան որպես խոսակցություններ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Մեհրաբյանն ասաց, որ ակնհայտ է դառնում՝ ճանապարհների մասին խոսակցությունը վերածվում է միջանցքի մասին խոսակցության։ «Այս խոսակցությունները շատ վտանգավոր են: Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանը կա՛մ չի ցանկանում, կա՛մ չի կարողանում այդ խոսակցությունների դեմն առնել։ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները»,- եզրափակեց Մեհրաբյանը։