Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Հայաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա սահմանազատման հարցը կլուծվի 1923-1926թթ. քարտեզներով». Ստեփան Գրիգորյանի ելույթը Անվտանգության ֆորումում

«Եթե Հայաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա սահմանազատման հարցը կլուծվի 1923-1926թթ. քարտեզներով». Ստեփան Գրիգորյանի ելույթը Անվտանգության ֆորումում
Հասարակություն
15:01, 27 сентябрь 2021
Երևանում այսօր Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի կողմից անցկացվեց Անվտանգության ֆորում։ 

Բացման խոսքով հանդես եկավ Ստեփան Սաֆարյանը, ապա ներկայացրեց զեկույց, որը բաղկացած էր 5 բաժիններից։ Առաջին բաժինն անդրադառնում է այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ տարածքի նկատմամբ արտահայտված հավակնություններին։ Երկրորդ բաժինը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստերին։ Երրորդ բաժինը բուն Արցախում հրադադարի եռակողմ հայտարարության, հրադադարի ռեժիմի խախտումների մասին է։ Չորրորդ բաժինը միջազգային իրավունքի սկզբունքներից ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սպառնալիքներին է վերաբերում։ Բաժիններից մեկը  վերաբերում է գերիների վերադարձի հետաձգմանը։ Զեկույցն ավարտվում է եզրակացությամբ։

«Զեկույցը փաստերի ամրագրման հիմքի վրա մեր կողմից  ամփոփվել է որպես Արցախի մնացյալ հատվածը հայաթափելուն ուղղված գործողություններ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Ֆորումին ներկա բանախոսներից Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը ակտիվ չի աշխատել աշխարհի հետ։

Գրիգորյանը նշեց, որ բացի նրանից, որ Ադրբեջանը հարցը լուծեց ուժի կիրառմամբ, ինչը վատ է, ապա ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, բայց կա ավելի վտանգավոր տենդենց: «Մեր երկու խոշոր հարևանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ուզում են մեկուսացնել Հարավային Կովկասը, ու դա ձևակերպեցին երեք գումարած երեք ձևաչափով։ Փորձ է արվում նեղ շրջանակներում լուծել միջազգային հարցերը։ Հայաստանը պետք է պայքարի, որ հարցերը լուծվեն ԵԱՀԿ շրջանակներում։ Իհարկե, դժվար է, ճնշումը ՀՀ կառավարության վրա շատ լուրջ է ու առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Անդրադառնալով դելիմիտացիային և դեմարկացիային՝ Գրիգորյանն  ասաց, որ շատ ողջունելի է, որ կառավարությունը դեմ չի դրան, բայց կա կարևոր նյուանս, որ բոլորը բաց են թողնում. «Ո՞ր քարտեզներով, ո՞ր թվի քարտեզներով։ Պարզ է՝ եթե Հայաստանը դիմի միջազգային արբիտրաժային դատարան կամ ՄԱԿ ԱԽ-ի միջոցով այդ հարցը բարձրացնի, հարցը կլուծվի 1923-1926 թթ. քարտեզներով։ ԵԱՀԿ շրջանակներում կան սահմանազատման հետ կապված հայտնի ռեկոմենդացիաներ։ Շարժվենք միջազգային նորմերով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը կարևորեց նաև հարևանների հետ երկխոսությունը և ասաց. «Հասկացանք, պատերազմ է, վատ է, բայց շատ լավ է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսել։ Շատ լավ է նաև, որ մեր հասարակությունը, քննադատելով, բայց պատրաստ է զրուցել մյուս կողմերի հետ»: