Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե մենք կարողանանք համազգային ընդհանուր ճակատ ձևավորել՝ կկարողանանք շատ-շատ հարցեր ավելի արդյունավետ լուծել». Վիգեն Խաչատրյանի ելույթը՝ Անվտանգության ֆորումի ընթացքում

«Եթե մենք կարողանանք համազգային ընդհանուր ճակատ ձևավորել՝ կկարողանանք շատ-շատ հարցեր ավելի արդյունավետ լուծել». Վիգեն Խաչատրյանի ելույթը՝ Անվտանգության ֆորումի ընթացքում
Հասարակություն
15:45, 27 сентябрь 2021
Երևանում այսօր Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի կողմից անցկացվեց Անվտանգության ֆորում։ 

Բացման խոսքով հանդես եկավ Ստեփան Սաֆարյանը, ապա ներկայացրեց զեկույց, որը բաղկացած էր 5 բաժիններից։ Առաջին բաժինն անդրադառնում է այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ տարածքի նկատմամբ արտահայտված հավակնություններին։ Երկրորդ բաժինը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստերին։

Երրորդ բաժինը բուն Արցախում հրադադարի եռակողմ հայտարարության, հրադադարի ռեժիմի խախտումների մասին է։ Չորրորդ բաժինը միջազգային իրավունքի սկզբունքներից ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սպառնալիքներին է վերաբերում։ Բաժիններից մեկը  վերաբերում է գերիների վերադարձի հետաձգմանը։ Զեկույցն ավարտվում է եզրակացությամբ։

«Զեկույցը փաստերի ամրագրման հիմքի վրա մեր կողմից  ամփոփվել է որպես Արցախի մնացյալ հատվածը հայաթափելուն ուղղված գործողություններ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Բանախոսներից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ Ադրբեջանը, ըստ էության, խոսում է հողերի մասին, իսկ Հայաստանը՝ մարդու իրավունքների։ «Մենք որևէ տարածքային պահանջներ չենք ներկայացրել և չենք ներկայացնում։ Մեր քույրերի և եղբայրների մարդկային իրավունքները վտանգված են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ իրենց իրավունքները պահպանվեն։ Հետևաբար որքան լուրջ իրացնենք մարդու իրավունքները սեփական երկրում, այնքան հնարավորություն կունենանք առավել օգտակար լինելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին։ Մենք պետք է կարողանանք երկխոսել մեր հարևանների հետ, մեր գործընկերների հետ, միջազգային կառույցների հետ, և եթե մենք ներսում երկխոսել չսովորեցինք՝ դրսում չենք կարողանա երկխոսել։ Այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս լկտի ու սանձարձակ պահվածքով, այն, որ դիմում է սադրանքների և դիմելու է, այն, որ մեզ ուզում են ներքաշել պատմական բանավեճի մեջ, թե որ հողն ումն է՝ մենք պետք է խոսենք իրավունքի լեզվով։ Այս հարցերը պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում դուրս բերվեն իշխանության համար պայքարի դաշտից։ Սա ամենամեծ քաղաքական այլասերվածությունն է, որ ես նկատում եմ։ Մենք կարող ենք ունենալ բանավեճեր, անհամաձայնություններ, բայց մենք պետք է համաձայնության գալու հարցերի շուրջ ընդհանուր ճակատով հանդես գանք, և այն հարցերում, որոնցում չենք եկել համաձայնության, դրա բարձրաձայնման ձևերն ու չափերը որոշենք՝ նախ ի՞նչ է տալիս դա մեզ՝ թուլացնո՞ւմ, թե՞ ուժեղացնում է, իշխանության հնարավորությունները մեծացնո՞ւմ, թե՞ փոքրացնում է։ Երկխոսության մշակույթը մեզանում դեռ չի ձևավորվել, և, դժբախտաբար, կան ուժեր, որոնք սա իշխանության գալու առիթ են համարում։ Իշխանությունն էլ պետք է գիտակցի, որ այս հարցերում ինքը մենաշնորհ չունի, և իր գործողությունները պետք է համաձայնեցնի փորձագետների, քաղաքացիական հասարակության կառույցների հետ։ Եթե մենք կարողանանք համազգային ընդհանուր ճակատ ձևավորել՝ կկարողանանք շատ-շատ հարցեր ավելի արդյունավետ լուծել»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։