Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաթիլային ոռոգման համակարգի անցնելու դեպքում մինչև 3 հա հողատարածք ունեցողների ջրի վարձավճարը 5 տարի ժամկետով կփոխհատուցվի. Գնել Սանոսյան

«Առաջարկվում է մինչև 3 հեկտար հողատարածք ունեցող կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում  ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը փոխհատուցել 5 տարի ժամկետով»,- այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ որոշման նախագծի նպատակն է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումը:

«Սխեման բավականին պարզ է. հողատարածքը պետք է ընդգրկված լինի Ջրօգտագործողների ընկերության կողմից սպասարկվող տարածքում, պետք է ունենա պայմանագիր, և Ջրօգտագործողների ընկերությանը պետք է ներկայացվեն որոշակի փաստաթղթեր, որոնք հետագայում Ջրային կոմիտեի և մեր նախարարության միջոցով կներկայացվեն կառավարություն, և համապատասխան փոխհատուցումները կստանան»,- նշեց Գնել Սանոսյանը և հավելեց, որ կդրվի առցանց ջրաչափ: 

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ սա իրենց նախընտրական խոստումներից է. «Մենք պետք է արձանագրենք, որ ոռոգման այն ավանդական մեթոդը, որը Հայաստանում օգտագործվում է, ապագա չունի, որովհետև ջրային ռեսուրսները գնալով ավելի թանկանալու են, և երաշտներն առաջիկայում ավելի տեսանելի են լինելու՝ կապված գլոբալ տաքացման հետ, և ջրի սպառումը շատանալու է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամբողջ հանրապետությունն անցնի կաթիլային ոռոգման»: