Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում դիմավորել են բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մանվել Պետրոսյանին

Ստեփանակերտում դիմավորել են բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մանվել Պետրոսյանին
Հասարակություն
18:56, 28 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մանվել Պետրոսյանին և անձնական մարզիչ Նարեկ Աբրահամյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկին դիմավորելու էին եկել սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ։
 
«Առաջնությանը  մասնակցել են 40 երկրների մարզիկներ, իսկ Արցախի Հանրապետությունից մասնակցել է Մանվել Պետրոսյանը (57 կգ քաշային կարգում), ով իրեն դրսևորել է արժանապատվորեն: Բռնցքամարտն ինքնին  մենամարտ է,  սակայն այս մարզաձևը պահանջում է թիմային աշխատանք, ինչի շնորհիվ էլ գրանցեցինք լավ արդյունք՝ զբաղեցնելով մրցանակային տեղ:  Մեր մարզիկը նման միջազգային առաջնության էլի էր մասնակցել. Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճել էր բրոնզե մեդալ», - նշեց Ն. Աբրահամյանը:
 
Մանվել Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  տքնաջան աշխատանքի և լավ պատրաստվելու շնորհիվ կարողացավ  հաղթանակի հասնել:

«Ունեցել եմ մենամարտեր Լատվիան, Մոնտենեգրոն  և Բուլղարիան ներկայացնող մարզիկների հետ, և բոլորն էլ ավարտել եմ հաղթանակով։ Մենամարտերը բավականին բարդ էին, որովհետև բոլոր մասնակիցները լավ էին պատրաստվել։ Սակայն ես պետք է գրավեի մրցանակային տեղ, որպեսզի բարձրացնեի մեր եռագույնը՝ բարձր պահելով Արցախի պատիվը», - նշեց Մ. Պետրոսյանը: