Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բյուջեով նախատեսվել է 1մլրդ 200 մլն դրամ` երեխա ունեցող ընտանքիներին 2022թ. բնակարանային աջակցություն տրամադրելու համար. Գայանե Ղարագյոզյան

Բյուջեով նախատեսվել է 1մլրդ 200 մլն դրամ` երեխա ունեցող ընտանքիներին 2022թ. բնակարանային աջակցություն տրամադրելու համար. Գայանե Ղարագյոզյան
Հասարակություն
12:52, 08 ноябрь 2021
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի բարեփոխումներին արդյունքում ֆինանսական ռեսուրսների ավելացման կարիք եղավ նախարարությունում և կլինի: 2021թ. համար այդ ռեսուրսներն ապահովում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներքին ռեսուրսների վերաբաշխման հաշվին, իսկ 2022թ. համար բյուջեի պլանային հաշվարկներն իրականացվել են հաշվի առնելով փոփոխությունները»,- այսօր` նոյեմբերի 8-ին «Արմենպրես» գործակալության ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

Ըստ բանախոսի այս պահի դրությամբ երեխա ունեցող ընտանիքներից բնակարանային աջակցություն ստացել է 2000 շահառու, որից 372-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով, 445-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով և 1183-ը երեխայի ծննդյան աջակցության ծրագրով. «Ընդհանուր առմամբ վճարվել է 1 մլրդ 382մլն դրամ, որից 1մլրդ 45 մլն դրամը վճարվել է 2021թ. 1585 շահառուի համար: 2022թ. համար բյուջեով նախատեսվել է 1մլրդ 200 մլն դրամ մոտավորապես 1850 շահառուի համար»:

Գայանե Ղարագյոզյանն անդրադառնալով երեխա ունեցող ընտանքիների բնակարանային ապահովության պետական աջակցության բարեփոխումներին նշեց նաև, որ փոփոխությամբ սահմանվել է անցումային դրույթ, որով կարգավորվում են այն դեպքերը, երբ կանխավճարի ապահովության ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ տեղեկությունները շահառուների վերաբերյալ բանկերից ստացել են սահմանված ժամկետներից ուշ. «Սահմանված ժամկետները վերաբերում են նրան, որ միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովության ծրագրի շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները նախարարությունը պետք է ստանա նախքան վարկային պայմանագրի կնքումը: Եվ գործնականում ունեցել ենք դեպքեր, երբ բանկերը և վարկային կազմակերպությունները նախարարության հետ արդեն իսկ կնքել էին պայմանագիրը, սակայն իրենց ներքին ընթացակարգերի մշակման պատճառով ավելի ուշ են սկսել ներկայացնել շահառուների վերաբերյալ դիմումները և արդյունքում եղել են շահառուներ, ովքեր դուրս են մնացել աջակցության ծրագրից»,-ասաց նա ու հավելեց, որ այս դեպքերը հիմնականում ծրագրի մեկնարկի ժամանակահատվածում են տեղի ունեցել` նախորդ տարվա հուլիս, օգոստոս ամիսներին, երբ բանկերը նոր էին այդ գործնական փուլը մտնում. «Հետևաբար սահմանվեց դրույթ, որ այդ ժամանակահատվածում հիփոթեքային վարկի պայմանագիր կնքած շահառուներին թույլ տան ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում անկախ այն հանգամանքից, որ իրենց վերաբերյալ տվյալները նախարարությունն ստացել է ուշ` հաջորդ տարիների վճարումներն իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է մոտ 20-25 շահառուի, որոնք նորից պետք է դիմեն բանկ և իրենց հերթական ավահովագրավճարը վճարելու ժամանակ տասը տոկոսը իրենք կվճարեն, կտրոնը ներկայացնեն բանկ, իսկ մյուս իննսունի համար բանկը նախարարություն կուղարկի հարցումը և նախարարությունը կվճարի, բայց ոչ ավել քան 180000 դրամը:»