Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարգալույծ արված Տեր Ղազարը «գահընկեց է հռչակում» Կաթողիկոսին՝ մեղադրելով նրան կուսակրոնության ուխտը խախտելու մեջ

Կարգալույծ արված Տեր Ղազարը «գահընկեց է հռչակում» Կաթողիկոսին՝ մեղադրելով նրան կուսակրոնության ուխտը խախտելու մեջ
Հասարակություն
18:57, 28 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը։ Ըստ Մայր Աթոռի՝ դրա  համար հիմք է ծառայել «Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը»:

Հիշեցնենք, որ արդեն նախկին քահանան 2019-2020թթ. իր քաղաքական ոչ կոռեկտ հայտարարությունների և ելույթների համար երկու անգամ փիլոնազրկվել էր։

Իսկ երրորդ անգամ փիլոնազրկվել էր՝ աջակցելով կուսակցության, որը կոչվում է «Քրիստոնեա Հայաստան», եւ որն Ապարանում, Արտաշատում, Վեդիում և մի քանի այլ համայնքներում մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին՝ սատարելով նախկին իշխանության հետ ասոցացվող թեկնածուների։ Օրինակ՝ Ապարանում, այս կուսակցությունը դաշինքով առաջադրել էր  գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին, իսկ Արտաշատում սեփական թեկնածու էր առաջադրել։ 

Անդրադառնալով իր կարգալույծ հռչակվելու մասին Մայր Աթոռի հայտարարությանը՝ տեր Ղազարը Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու էջով պատասխան հայտարարություն է տարածել՝ «գահընկեց հռչակելով» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Կուսակրոնության ուխտը խախտելու, Հավատացյալ Հայ Քրիստոնեաներին հալածելու և Քրիստոնեա Հայաստանին թշնամաբար վնասելու համար գահընկեց է հռչակվել Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն Հայոց  Կաթողիկոսը և հետայսու կդասվի աշխարհականների շարքը` Կտրիճ Ներսիսյան անունով»,- նշված է հայտարարությունում։