Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու անգամ փիլոնազրկված Տեր Ղազար քահանան շարունակում է քաղաքական քարոզչությունը և կշարունակի. Մայր Աթոռը նրան կարգալույծ չի անի

Երկու անգամ փիլոնազրկված Տեր Ղազար քահանան շարունակում է քաղաքական քարոզչությունը և կշարունակի. Մայր Աթոռը նրան կարգալույծ չի անի
Քաղաքականություն
18:33, 01 декабрь 2021
«Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարց ներկայումս չի քննարկվում։ Ինչպես նաև՝ ոչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, ոչ էլ մեկ այլ անձի կողմից Տեր Ղազար քահանային կարգալույծ անելու դիմում չի ներկայացվել»,-  Civic.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Նշենք, որ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ունի իր՝ «Ապաշխարենք կառուցելով» Ֆեյսբուքի էջը, որտեղ վերջին շրջանում տեղադրվում են նաև քաղաքական նյութեր։ Մասնավորապես, ամիսներ առաջ Տեր Ղազար քահանան հրապարակել էր հարցազրույց «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության նախագահ Հրաչ դպիր Ներսիսյանի հետ՝ ողջունելով մի խումբ հավատացյալ անձանց կողմից կուսակցություն բացելու գաղափարն ու այն իրականացնելը։ Օրեր առաջ էլ «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին մասնակցելու է Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։

«Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղադրված է «Քրիստոնեա Հայաստան» կուսակցության ավագանու ընտրություններին մասնակցության տեղեկատվական տեսահոլովակը։ 

Տեր Եսայի քահանան անդրադառնալով մեր հարցին՝ արդյոք ազա՞տ են քահանաները քաղաքականությամբ զբաղվելու համար, արձագանքեց. «Ես վաղուց եմ ծանոթ «Ապաշխարենք կառուցելով» ՖԲ  էջին, դա ժամանակին ձևավորված էջ է, որտեղ եկեղեցաշինության՝ հատկապես իր հովվության ներքո գտնվող համայնքներում եկեղեցաշինությունը կազմակերպելու համար է, և նպատակը դա է՝ եկեղեցին կառուցենք ապաշխարելով»։  

Տեր Եսայի քահանան նշեց նաև, որ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ազատ է տարբեր նյութեր իր էջում տեղադրելու համար, սակայն զբաղվել քաղաքական կամ կուսակցական գործունեությամբ, քարոզել կամ տարածել կուսակցական կամ քաղաքական գաղափարներ՝ իրավունք չունի. «Յուրաքանչյուր քահանա իրավունք ունի եկեղեցու կանոնակարգի շրջանակում ունենալու իր քաղաքական հայացքները և արտահայտելու դրանք, բայց զբաղվել քաղաքական կամ կուսակցական գործունեությամբ, քարոզել կամ տարածել կուսակցական կամ քաղաքական գաղափարներ՝ իրավունք չունի։  Իրավունք չունի լինել նաև կուսակցության անդամ և հիմնել կուսակցություն»։ 

Տեր Եսայու հավաստմամբ՝ հիշյալ հարցերի վերաբերյալ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ զրույցներ ու քննարկումներ եղել են, տրվել են բանավոր և գրավոր զգուշացումներ ու նկատողություններ իր վարքագծի և օգտագործած բառապաշարի առնչությամբ:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Տեր Ղազար Պետրոսյանի կողմից քաղաքական քարոզչական նյութեր հրապարակելու առումով բազմիցս բանավոր խոսակցություններ են ունեցել, ինչպես նաև գրավոր նկատողություններ են տրվել քահանային. «Օրեր առաջ ենք վերջին քննարկումն ունեցել, և ասել եմ, որ հոգևորականը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Հոգևորականը կարող է դիրքորոշում հայտնել հարցերի վերաբերյալ, բայց ոչ իբրև կուսակցական գործիչ կամ կուսակցության խոսափող։ Ինքն ամեն անգամ պատասխանել է, որ լավ, կհեռացնեմ, և ամեն անգամ դրական պատասխանից հետո, ցավոք, շարունակել է։ Կուսակցությունների բոլոր անդամները եկեղեցու զավակներ են, և մենք չենք կարող առանձնացնել։ Սակայն ինքը մի որոշ ժամանակ գուցե հեռացնում է քաղաքական քարոզչական նյութերը, բայց հետո էլի վերականգնում»։  

Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը,  Գևորգ եպիսկոպոս Սարոյանն արձագանքեց. «Տեր Ղազար քահանան արդեն երկու փիլոնազրկության դեպք ունեցել է, երբ Մասյացոտնի թեմը Արարատյան հայրապետական թեմի մաս էր, հիմա մենք առանձնացել ենք։ Այդ ժամանակ՝ 2019-2020թթ., նա իր քաղաքական ոչ կոռեկտ հայտարարությունների և ելույթների համար փիլոնազրկվեց։ Փիլոնազրկվել նշանակում է քահանան առժամանակ՝ մի քանի օրով, զրկվում է խորհրդակատարություն՝ մկրտություն, պսակ անելու իրավունքից»։