Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում ինքնակամ շինությունների օրինականացման համար քաղաքացիներին երկու ամիս ժամանակ է տրվել շինությունները հաշվառելու. Տեսանյութ

2021 թվականին կառուցված ապօրինի շինությունները օրինականացնելու համար Գյումրիի քաղաքապետարանը  երկու ամիս ժամանակ է տվել դրանց կառուցապատողներին՝ Կադաստրի կոմիտեում հաշվառվելու համար։ Հաշվառվելու ժամկետը հունվարի 6-ից մինչև մարտի 6-ն է։  Խոսքը այն շինությունների մասին է, որոնք կառուցվել են 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Հաշվառվելուց հետո առանձին վարույթով կորոշվի՝ որ շինության ճակատագիրը ինչպիսին կլինի՝ կա՛մ կօրինականացվեն, կա՛մ կապամոնտաժվեն։ Ժամկետը լրանալուց հետո Կադաստրի կոմիտեում հաշվառում չանցնելու դեպքում ապօրինի շինությունները այլևս ենթակա չեն լինի օրինականացվելու և կապամոնտաժվեն։ 

Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն ասաց, որ բնակիչը պետք է նախ դիմի չափագրման ընկերությանը, չափագրի կառույցը, ապա դիմի Կադաստրի կոմիտե՝ գրանցվելու համար։ Դրանից հետո միայն քաղաքացին կարող է դիմել համայնքապետարան՝ ապօրինի շինությունը օրինականացնելու խնդրանքով։ Իրականացվող վարույթի ժամանակ արդեն համայնքապետարանը կորոշի՝ ենթակա՞ է արդյոք շինությունը օրինականացման, թե՞ ոչ։ Այն շինությունները, որոնք կառուցված են կանաչ գոտիներում կամ խախտել են  քաղաքաշինական նորմերը, ենթակա չեն լինի օրինականացման և կապամոնտաժվեն։  

1990-ականներից մինչև 2021թվականը կառուցված ապօրինի շինությունները օրինականացնելու համար էլ ժամանակ է տրված մինչև 2024 թվականը։ Այսպիսի շինություններ կառուցած քաղաքացիները ևս պետք է դիմեն Կադաստրի կոմիտե՝ հաշվառվելու համար։
Արթուր Պապիկյանը շեշտեց նաև, որ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված որևէ ապօրինի կառույց ենթակա չէ օրինականացման։ Դրանք ենթակա են քանդման։ 

Ընդ որում, խոսքը թե՛ համայնքային, թե՛ սեփական հողի վրա կառուցված, բայց շինթույլտվություն չունեցող կառույցների մասին է։ 

Վովա Հակոբյան