Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները չեն օրինականացվելու. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ժամկետներն ու մեխանիզմները

«Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ, ցավոք սրտի, բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է տարբեր քաղաքներում քաղաքաշինական պատկերը, և ծագել են անվտանգության հետ կապված խնդիրներ»,- այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ներկայացվող նախագծով մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցները չեն օրինականացվելու: Նա նշեց, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները չքանդելու և մարդկանց վնաս չպատճառելու համար կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները:

«Հատկապես պետք է արագ գործողություններ ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021թ. հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը»,- նկատեց նախարարը և հավելեց, որ այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի Կադաստրի կոմիտե ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը, որոնք օրենքի ուժի մեջ մտնելուց կառավարությունն ավելի հստակ կսահմանի: «Երևան քաղաքում կառուցված ինքնակամ կառույցների համար տրված է ժամկետ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, որպեսզի ներկայացնեն և հաշվառվեն, այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր՝ մինչև 2024 թվականը, իսկ այն տեղերում, որտեղ միայն գյուղական բնակավայրեր են, տրված է ժամկետ մինչև 2025 թվականը»,- պարզաբանեց Կարեն Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ այսուհետ ավելի խիստ պատիժներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի պետական և համայնքային հողերը այդպիսի զավթումներից: