Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն
Հասարակություն
15:41, 09 февраль 2022
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կառավարության նախաձեռնությամբ ընդգրկված էր 1 հարց՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ։

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է, որ կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հարցով հիմնական զեկուցողը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էր, իսկ հարակից զեկուցողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Ասոյանը իր խոսքում անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի մտահոգություններին, ասաց որ խոսքը վերաբերվում է ընդամենը մի կարգավորման, երբ տեսչական մարմինը իր վերահսկողական գործառույթները իրացնելիս հանդիպում է խոչընդոտների՝ կիրառվում է վարչական պատասխանատվություն, դա վերաբերվում էր դիտարկումներին, այժմ լրացվել է մնացած վերահսկողական գործառույթների մասով։

Նախագիծը ընդունվեց 3 ձեռնպահ, 8 կողմ ձայներով։ Ձեռնպահ քվեարկեցին հանձնաժողովի ընդդիմադիր անդամները։

Գեղամ Ադյան