Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն բանակից

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն բանակից
Հասարակություն
11:33, 17 февраль 2022
Կառավարությունն առաջարկում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինծառայությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։

Բանն այն է, որ գործող օրենքը բացի ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

Մինչդեռ կառավարությունը նկատում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

«Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– նշված է նախագծի հինավորման մեջ։

Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։