Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիրները հերթական անգամ շահարկեցին գերիների և անհետ կորածների հարազատների ցավը՝ համալիրի դիմաց ադրբեջանցիների դեմ բողոքի ակցիան վերածելով ՀՀ իշխանության դեմ ատելության ցերեկույթի

Ընդդիմադիրները հերթական անգամ շահարկեցին գերիների և անհետ կորածների հարազատների ցավը՝  համալիրի դիմաց ադրբեջանցիների դեմ բողոքի ակցիան վերածելով ՀՀ իշխանության դեմ ատելության ցերեկույթի
Հասարակություն
14:07, 22 февраль 2022
Այսօր Երևանում՝ Մարզահամերգային համալիրում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին զուգահեռ՝  համալիրի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել նախկին իշխանության ներկայացուցիչները՝  ներգրավելով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորածների ու գերիների հարազատներին։  

Civic.am-ին հայտնի է դարձել, որ անձամբ Նաիրա Զոհրաբյանի, Նաիրի Հոխիկյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի անունից զանգահարել են անհետ կորածների ու գերիների հարազատներին և հորդորել մասնակցել ակցիային՝ ասելով, թե այն ադրբեջանական պատվիրակության դեմ է լինելու, նաև՝ գերիներին վերադարձնելու պահանջով։ 

Սակայն, ինչպես պարզվեց ակցիան իրականացնողների ելույթներից, այն ավելի շատ ատելության ցերեկույթ էր՝ ուղղված Փաշինյանի ու ՀՀ իշխանության դեմ, քան ադրբեջանցիների։ 

Ի դեպ, գերիների հարազատների մի մասը, տեղեկանալով, թե ովքեր են բողոքի ակցիայի նախաձեռնողները՝ հրաժարվել էին մասնակցել այդ բողոքի ակցիային, քանի որ, նրանց խոսքով, արդեն գիտեն, որ առիթն օգտագործում են իրենց ցավը քաղաքական նպատակներով շահարկելու համար։

«Այդ դահլիճում նստած պատվիրակը գուցե հենց այն զինվորն է, որ սպանել է իմ որդուն։ Միայն այդ մտքի գիտակցումն արդեն իսկ խելագարության հասցնող մի ցավալի բան է»,-իր ելույթում ասաց մի զոհվածի ծնող՝ նկատի ունենալով ադրբեջանցի պատգամավորներին, որոնք, ինչպես հայտնի է, պատերազմին չեն մասնակցել։

Ակցիայի ժամանակ ելույթ ունեցան ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 
Քրեական գործերով մեղադրյալ Նարեկ Սամսոնյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի հասցեին՝ նրան անվանելով «Ադրբեջանի ներկայացուցիչ» ու «Նովրուզի ժամանակ տռճիկ տվող»։

Արցախից ժամանած «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս առիթը բաց չթողեց հերթական անգամ ատելության խոսք հնչեցնելու Հայաստանի իշխանության հասցեին։  «Պատերազմի արդյունքում ուղղակի Հայաստանի իշխանությունները Արցախի մեծ մասը նվիրեցին թշնամուն և շատ արագ փակեցին Արցախի հարցը։ Իսկ այսօր իրենց կեղծ օրակարգով՝ ներկայանալով որպես ժողովրդավար պետություն, մարդու իրավունքները հարգող և պաշտպանող պետություն, իրականում դիկտատոր պետություն են դարձրել ՀՀ-ն»,- հայտարարեց տիկինը։

Ժամանակին Բաքվում «Եվրանեսթի» նիստին մասնակցած, այժմ քաղաքական լուսանցքում հայտնված Նաիրա Զոհրաբյանը ևս վիրավորանքներ հնչեցրեց Մարիա Կարապետյանի հասցեին։

Ի վերջո,  ակցիան եզրափակվեց իշխանության և վարչապետի հասցեին  «թուրք» գոչյուններով։  

Նշենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր։ Այն հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս է կազմում։ 

Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստան են եկել ադրբեջանցի 2 պատգամավորներ։