Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու ենք թողնում, որ պատերազմից առաջ Արցախի կոնկրետ վայրերում ֆեոդալական կարգեր հաստատած, պատերազմի ժամանակ դասալքած որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ-որ ակցիաներ կազմակերպեն իմ ու նախարարության դեմ. Հայկ Խանումյան

Ինչու ենք թողնում, որ պատերազմից առաջ Արցախի կոնկրետ վայրերում ֆեոդալական կարգեր հաստատած, պատերազմի ժամանակ դասալքած որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ-որ ակցիաներ կազմակերպեն իմ ու նախարարության դեմ. Հայկ Խանումյան
Հասարակություն
14:49, 22 февраль 2022
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ինձ հարցնում են, թե ինչու ենք թողնում, որ պատերազմից առաջ Արցախի կոնկրետ վայրերում ֆեոդալական կարգեր հաստատած, պատերազմի ժամանակ դասալքած որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ-որ ակցիաներ կազմակերպեն իմ ու նախարարության դեմ։ Պատասխանեմ։

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2022թ․ իր գործունեությունը սկսել է հունվարի 1-ից։

Կառավարության որոշումների նախագծերի, նոր ծրագրերի, միջոցառումների մոդելավորման վրա աշխատանքը շարունակել ենք տարվա հենց առաջին օրվանից։ Նախարարության ողջ ղեկավար կազմը՝ նախարարի տեղակալները, վարչության ու բաժնի պետերի մի զգալի մասը, տարբեր մասնագետներ աշխատում են ոչ միայն աշխատանքային օրերին ու ժամերին։ Նույնիսկ ամեն շաբաթ-կիրակի տարբեր համայնքներում գործող ծրագրեր ունենք, որոնց կազմակերպումը, սպասարկումը գոնե ժամանակի առումով մեծ ջանքեր է պահանջում։ Այս ամենն ավելի է բարդանում ֆինանսական դժվարությունների պատճառով, երբ շատ ծրագրերի համար պետք է նորից բանակցել, ոչ բյուջետային միջոցներ ներգրավել, փորձել քայլեր ձեռնարկել նաև անձնակազմի որակների բարձրացման ուղղությամբ։ Սա ուղղակի գրում եմ, ասելու համար որ ժամանակ չունեմ անդրադառնալու իմ ու նախարարության հասցեին հնչող տարբեր հերյուրանքներին, անհիմն մեղադրանքներին, հիվանդագին պոռթկումներին։ Ես ու նախարարության աշխատակիցները նախընտրում ենք աշխատանքը։