Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամփոփվել են 2021թ․ մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները

Ամփոփվել են 2021թ․ մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները
Հասարակություն
16:10, 23 февраль 2022
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ամփոփվել են 2021թ․ մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքները

2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438  դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % - ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% - ի դիմաց:

2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով:    Դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ:

Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել, և այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման պարտականությունների չկատարումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի:

2021թ. մայրաքաղաքում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց:

Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր նման քրեական գործով օպերատիվ կերպով պարզել ՃՏՊ-ի պատճառները և նպաստած գործոնները և բոլոր այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են իրավասու մարմինների գործառույթների, դրանց թերի կատարման հետ, այդ մարմիններին պարտադիր ներկայացնել դրանց վերացմանն ուղղված՝ առարկայական լուծումների առաջարկներ պարունակող միջնորդագրեր: 

Երևան քաղաքի դատախազության և մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր 421 միջնորդագիր և հաղորդում, իսկ  քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 1919 ցուցում, հետաքննության մարմնին՝  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 842 հանձնարարություն, որոնք ևս կրկնակի ավելի են նախորդող տարվա համեմատ:

Դատախազների կողմից նախնական քննության օրինականության ապահովման համատեքստում վերացվել են վարույթն իրականցնող մարմնի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 127, քրեական գործի վարույթը կարճելու մասին 262, ինչպես նաև քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 418 որոշում: Նրանց կողմից նաև հաստվատել է 1869 քրեական գործով մեղադրական եզրակացություն, այդ գործերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:  

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության ստորաբաժանումները հիմնական առաջնահերթություն պետք է դարձնեն նաև քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը, քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ ինչպես վերջիններիս, այնպես էլ հենց դատախազների նախաձեռնությամբ ընդունելությունների կազմակերպումը: