Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինաս և Եղիշե Հակոբյաններին ադրբեջանցիները գնդակահարել են սեփական տան մեջ. hetq.am

Մինաս և Եղիշե Հակոբյաններին ադրբեջանցիները գնդակահարել են սեփական տան մեջ. hetq.am
Հասարակություն
17:07, 23 февраль 2022
Հադրութից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող Նորաշեն գյուղում էին ապրում հայր ու որդի Մինաս և Եղիշե Հակոբյաները։ Մինաս Հակոբյանը 66-ամյա կենսաթոշակառու էր, չէր աշխատում, իսկ Եղիշեն 38 տարեկան էր, Նորաշենի մոտակայքում գտնվող անասնապահական ֆերմայում հովիվ էր աշխատում և այդպես վաստակում իր և հոր ապրուստը։

2020թ․ արցախյան պատերազմի ընթացքում Նորաշենն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ գյուղում մնացած Մինաս և Եղիշե Հակոբյանները սպանվեցին իրենց իսկ տան մեջ։ 

Հակոբյանները մինչև 1989 թվականն ապրել են Բաքվում, այնուհետև ջարդերից խուսափելու համար տեղափոխվել են Հադրութ, ապա որպես փախստական տուն են ստացել Նորաշեն գյուղում։ Մինաս Հակոբյանի կինը տարիներ առաջ մահացել է, և նա որդու հետ էր ապրում Նորաշենում։

44-օրյա պատերազմի օրերին, երբ գյուղը գրեթե դատարկված է եղել, Մինաս ու Եղիշե Հակոբյանները չեն ցանկացել լքել իրենց տունը, չեն հավատացել, որ ադրբեջանցիները կարող են իրենց գյուղը գրավել։ Նորաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը պատմում է, որ պատերազմի օրերին մի քանի անգամ այցելել է Ավետիսյաններին, խնդրել, որպեսզի դուրս գան գյուղից, քանի որ ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում են եղել։ 

Ավետիս Ավետիսյանը Հակոբյաններին վերջին անգամ տեսել է հոկտեմբերի 10-ին։ ՈՒԱԶ-ով գնացել է նրանց տուն, ավտոմեքենայի մեջ նորաշենցի մի կին և 12-ամյա երեխա են եղել։ Ավետիս Ավետիսյանը պատմում է, որ ժամանակը շատ քիչ է եղել, ադրբեջանցիները գրեթե գյուղ էին մտել, երբ ինքը Հակոբյանների տան մոտ է եղել։ Մինաս Հակոբյանին իր տնից հանելու համար նույնիսկ ուժ է կիրառել, սակայն այդպես էլ չի կարողացել համոզել նրանց նստել մեքենան և գյուղից դուրս գալ։

«Մտել եմ իրանց տուն, հորը ասում եմ՝ թուրքերի ձենն արդեն լսվում ա, դու՛րս եկեք գնանք։ Ասում ա՝ ոչ մի բան էլ չկա, մերոնց գործերը լավ։ Ասում եմ՝ ի՞նչ ես խոսում, ընկի՛ առաջ, գնանք, ասում ա՝ չէ՛, ես իմ տնից դուրս չեմ գալու։ Վերջը, տեսա, որ դուրս չի գալիս, թևից բռնեցի, զոռով հանեցի հայաթ, ֆռաց ինձ խփեց, ասում ա՝ գնա՛ գործիդ, դու իմ հետ գործ չունես։ Հետո տղային բրթելով դուրս հանեցի մինչև ճանապարհը, որ նստի մեքենան, ասեց՝ ինքը որ դուրս չի գալիս, ես էլ չեմ գալիս։ Ես էլ դե ինչ անեի, արդեն վայրկյանների հարց էր։ Ավտոյի մեջ կինն ու էրեխեն լացում էին, մի կերպ, կրակոցների տակ էդ կնոջ ու էրեխու հետ դուրս եկա գյուղից»,- պատմում է Նորաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանը։

Մինաս և Եղիշե Հակոբյանների աճյունները հայտնաբերվել են 2020թ․ դեկտեմբերի 5-ին։ Ըստ փորձաքննության տվյալների՝ հայրն ու որդին մահացել են գլխի հրազենային վնասվածքներից։ Մինաս և Եղիշե Հակոբյանները հուղարկավորված են Ալավերդիում, որտեղ ապրում է Մինաս Հակոբյանի քույրը։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները սպանել են Նորաշեն համայնքի 4 խաղաղ բնակչի։ Նրանցից Հմայակ Ավետիսյանի պատմությունը մենք արդեն ներկայացրել ենք։ Առաջիկայում կանդրադառնանք նաև նորաշենցի 83-ամյա Հենրիխ Միրզոյանի սպանությանը, ինչպես նաև կշարունակենք ներկայացնել քաղաքացիական մյուս զոհերի պատմությունները։

Աղբյուր՝ hetq.am