Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44֊օրյա պատերազմի հետևանքով մայրաքաղաքում և Ասկերանում վնասվել է 5869 շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ

44֊օրյա պատերազմի հետևանքով մայրաքաղաքում և Ասկերանում վնասվել է 5869 շինություն. ընթանում են վերականգնման աշխատանքներ
Հասարակություն
17:46, 01 март 2022
2020թ. 44֊օրյա պատերազմական գործողությունների հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում վնասվել է 5309 շենք֊շինություն։

Այս մասին «Արցախպրե»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը՝ ընդգծելով, որ դրանցից 4258-ի վերանորոգման ու վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացնում է քաղաքաշինության նախարարությունը։

«Պետք է նշել, որ նշված օբյեկտներից 1340֊ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 172֊ում դեռևս ընթացքի մեջ են։ Նախատեսված է շինարարական աշխատանքներ իրականացնել 92 օբյեկտներում, 2654 վնասված շինությունների վերականգնման համար գերատեսչությունը տրամադրել է դռներ և պատուհաններ»,֊նշել է մեր զրուցակիցը։

Մ. Դանիելյանն անդրադարձել է նաև ԱՀ Ասկերանի շրջանում արձանագրված հրետակոծության հետևանքներին և մանրամասնել՝ վնասվել է 560 շենք֊շինություն, որոնցից 334֊ում վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։

«Շինաշխատանքներ են ընթանում 58 օբյեկտներում, իսկ 68֊ում, ըստ նախատեսվածի, գործընթացը կմեկնարկի»,֊տեղեկացրել է մեր զրուցակիցը և հավելել՝ վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Ասկերանի շրջանում ուսումնասիրության ենթակա մոտ հարյուր օբյեկտ կա։