Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որևէ նվեր, չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության կամ շարժման նկատմամբ, աշխատանքի վայրում չծխել. Հանրային ծառայողի նոր վարքականոնները

Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որևէ նվեր, չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության կամ շարժման նկատմամբ, աշխատանքի վայրում չծխել. Հանրային ծառայողի նոր վարքականոնները
Հասարակություն
15:23, 16 март 2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները: Նախագծի համաձայն՝ վարքագծի կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ամրապնդել  հանրային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ, ստեղծել հանրային հատվածում կոռուպցիայի կանխարգելմանը միտված ևս մեկ գործիք: 

Ըստ նախագծի՝ հանրային ծառայողի վարքագծի պարտադիր կանոններն են՝ հարգալիրությունը և գնահատանքը, օրինականությունը, բարեխղճությունն ու հավատարմությունը հանրային շահին, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, բարեկրթությունը, անաչառությունը, օբյեկտիվությունը և խտրականության բացառումը, շահերի կառավարումը, նվերների ընդունման արգելքը, քաղաքական չեզոքությունն ու քաղաքական զսպվածությունը, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, հաղորդակցությունը հանրային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով և այլն:

Նախագծում  մասնավորապես նշված է նաև, որ հանրային ծառայողը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն, ինչպես նաև պետական մարմինների՝ կանոնադրությամբ հաստատված տարբերանշանները: Պարտավոր է զերծ մնալ ՀՀ պետական խորհրդանիշներից և պետական մարմինների կանոնադրությամբ հաստատված տարբերանշաններից՝ բացի որևէ այլ խորհրդանշի մեծարումից, ծառայողական գործունեության համար նախատեսված տարածքներում դրանց ցուցադրումից: Հանրային ծառայողը պարտավոր է հարգել բոլոր հանրային ծառայողների, քաղաքացիների և հասարակության բոլոր անդամների արժանապատվությունը,  ցանկացած պայմաններում և իրավիճակներում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ հանրային ծառայության հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ հանրային ծառայողի անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց:

Նաև՝  պարտավոր է մասնավոր/անձնական խնդիրներ լուծելիս չվկայակոչել իր պաշտոնեական դիրքը կամ հանրային իշխանության այն մարմինը, որտեղ նա աշխատում է՝ որևէ տեսակի կամ ծավալի առավելություն ստանալու նպատակով։  Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների հետ հարաբերություններում դրսևորել նրբանկատություն, չբարձրացնել ձայնն աշխատավայրում, գործընկերոջ վերաբերյալ քննադատություն արտահայտել միայն նրա ներկայությամբ՝ պարզաբանելով բոլոր հիմքերը։ Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների և պետական այլ մարմինների աշխատակիցների հետ հարաբերվելիս լինել նրբանկատ, զուսպ, չխոչընդոտել այլ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարմանը: 

Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց որևէ մեկի նկատմամբ՝ պայմանավորված հանրային ծառայության համակարգում այդ անձի ունեցած պաշտոնով, չգործադրել ֆիզիկական ուժ կամ դրա վերաբերյալ սպառնալիք չներկայացնել, աշխատանքի ներկայանալ գրասենյակային ոճի հագուստով, պահպանել հագուստ կրելու վերաբերյալ տվյալ մարմնի կողմից սահմանված կանոնները։ Հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել, ինչպես նաև խախտել հրդեհային անվտանգության և սանիտարական նորմերն ու կանոնները: 

Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որևէ նվեր դրամական միջոցի կամ դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով (օրինակ՝ նվեր քարտեր, վիրտուալ տարադրամներ, բանկային մուրհակներ, ճամփորդական չեկեր և այլն)։

Հանրային ծառայողը պարտավոր է չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության, քաղաքական կազմակերպության կամ շարժման նկատմամբ, որը, ի թիվս այլի, ներառում է հանրային իշխանության մարմինների տարածքում և տեղեկատվական նյութերում կուսակցությունների լոգոներ կամ թեկնածուների տարբերանշաններ ցուցադրելը, քարոզարշավի նյութեր պատրաստելը, քաղաքական միջոցառումներ կազմակերպելը և վարչական, կազմակերպչական կամ այլ առումով դրանց նպաստելը, ինչպես նաև իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնում կամ մարմնից դուրս որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ դեմ քարոզ իրականացնելը։

Նշենք, որ նախագծի մշակման համար հիմք ենք հանդիսացել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հաստատված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի տիպային կանոնները, ՄԹ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» Գլոբալ հակակոռուպցիոն ուղեցույցը, Հանրային բարեվարքության վերաբերյալ ՏՀԶԿ հանձնարարականը և այլ միջազգային փաստաթղթեր, ինչպես նաև տարբեր երկրների ներպետական իրավական ակտեր։

Նախագծի մասին առավել մանրամասն՝ e-draft.am հղումով։