Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ակտիվ ընթանում են նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ. Արցախի քաղաքաշինության նախարար

Արցախում ակտիվ ընթանում են նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ. Արցախի քաղաքաշինության նախարար
Հասարակություն
13:15, 28 март 2022
Արցախյան երրորդ պատերազմը մի շարք շենք –շինությունների ավերման պատճառ է դարձել:

Պատերազմի ավարտից մինչ այսօր շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 3000 օբյեկտներում, որոնցից շուրջ 2500-ում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուսները կավարտվեն ընթացիկ տարում։ Արցախում ծավալված բնակարանաշինության, ճանապարհաշինության և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, մարտ ամսին անբարենպաստ եղանակային պայմանները կոլապսային իրավիճակ ստեղծեցին երկրում: Արցախում ի՞նչ իրավիճակ է այս պահին, ի՞նչ աշխատանքներ են տարվում տեղի իշխանությունների կողմից՝ ձնամաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու առումով:

-Եղանակային անբարենպաստ պայմանները և տեղացած առատ ձյունն Արցախում վերջին տարիների համեմատ աննախադեպ էր ու այդ առումով որոշակի բարդություններ էին առաջացել քաղաքացիների համար տեղաշարժի և երթևեկության առումով։ Սակայն ձնամաքրման աշխատանքները մեկնարկել և իրականացվել են օպերատիվ կերպով՝ հնարավորինս մեղմելու առատ տեղումների հետևանքով առաջացած դժվարությունները։ «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ընկերությունները, որոնք համապատասխանաբար իրականացնում են Արցախի ներպետական ավտոճանապարհների և Ստեփանակերտ-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը, արտակարգ ռեժիմով իրականացրել են ձնամաքրման ու աղով մշակման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ՝ նշված օրերի ընթացքում ներպետական ավտոճանապարհները և Ստեփանակերտ-Բերձոր մայրուղին հիմնականում եղել են բաց, տեղ-տեղ որոշ հատվածներ եղել են դժվարանցանելի։

Նաև պետք է նշեմ, որ Ստեփանակերտում ճանապարհների, մայթերի և բակերի ձնամաքրման նպատակով շինարարական կազմակերպություններ են ներգրավվել՝մարդկային ու տեխնիկական ռեսուրսներով և օժանդակել համայնքային ընկերությունների աշխատանքներին։

-2020 թվականի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Արցախի տարածքում գտնվող քանի բնակելի տուն է ավերվել, և ի՞նչ փուլում են դրանց վերականգնման աշխատանքները: Արդյոք առկա է վերջնական վիճակագրություն ավերված շենք-շինությունների մասին:

-Պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ծրագրերը ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից մեկնարկել են անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Նախորդ տարում գերատեսչության աշխատանքներն ուղղված են եղել հիմնականում պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացմանը և տեղահանված մեր քաղաքացիների համար նոր բնակելի տների կառուցմանը։Նշված աշխատանքները բնականաբար առաջնային են նաև ընթացիկ տարում և կշարունակվեն այնքան, մինչև որ տեղահանված քաղաքացիները կապահովվեն բնակարաններով և պատերազմի հետևանքները կվերացվեն ամբողջությամբ։ Ընդհանուր առմամբ, Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների թիվը կազմում է 7622, որից 120-ը ավերվել են ամբողջությամբ կամ մեծամասամբ ենթակա են հիմքից կառուցման։ Պատերազմի ավարտից մինչ այսօր շինարարական կազմակերպությունների կողմից վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 3000 օբյեկտներում, որոնցից շուրջ 2500-ում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուսները կավարտվեն ընթացիկ տարում։ Ավելի քան 1000 բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել է շինանյութ՝ տանիքների վերանորոգման նպատակով, իսկ ևս 2500 հասցեներում իրականացվել են պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ։

Նշված աշխատանքներն իրականացվել են կատարված ուսումնասիրությունների արդյունքում և, գնահատելով կրած վնասների չափերը, կատարվել է վերականգնում։

-Հետպատերազմյան Արցախում մեծ թափ է առել բնակարանաշինությունը: Ի՞նչ ծրագրեր են այս պահին իրականացվում այդ ոլորտում: Ո՞ր շրջաններում են շինաշխատանքներ ընթանում:

-Այո, բնականաբար պատերազմի հետևանքով Արցախում այժմ նոր բնակֆոնդի ստեղծման խիստ անհրաժեշտություն կա, ուստի բոլոր միջոցները ներդրվում են ծառացած մարտահրավերները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ։ Ներկայումս Հանրապետության մի շարք վայրերում մեծ շինհրապարակներ են ձևավորվել, և միաժամանակ մայրաքաղաքում ու մի քանի շրջաններում նոր բնակավայրերի, թաղամասերի, բնակելի շենքերի և առանձնատների կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Դրանք կատարվում են ինչպես պետական, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ու բարեգործական տարբեր միջոցների հաշվին։ Մինչ 2024 թվականն Արցախում անհրաժեշտ չափի նոր բնակֆոնդ կստեղծվի։ Իսկ եթե խոսենք այս տարվա անելիքների մասին, ապա կարող ենք նշել, որ մի շարք վայրերում շինարարական աշխատանքները նախատեսում ենք ավարտին հասցնել։ Մասնավորապես՝ Իվանյան համայնքում 15 բազմաբնակարան շենքերից և 107 առանձնատներից բաղկացած թաղամասերը, Հովսեփավան համայնքի 77 և 92 առանձնատներից բաղկացած թաղամասերը, ինչպես նաև Աստղաշեն, Նորագյուղ և Կարմիր գյուղ համայնքների նորակառույց թաղամասերի որոշ քանակի բնակելի տներ ևս ընթացիկ տարում կհանձնվեն շահագործման։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։