Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթի դպրոցի այն աշակերտները, որոնք տեղահանվելուց հետո չունեն հիմնական բնակության վայր, ուսումնական պրոցեսին չեն մասնակցում. Խրամորթի դպրոցի տնօրեն

Խրամորթի դպրոցի այն աշակերտները, որոնք տեղահանվելուց հետո չունեն հիմնական բնակության վայր, ուսումնական պրոցեսին չեն մասնակցում. Խրամորթի դպրոցի տնօրեն
Հասարակություն
16:41, 31 март 2022
«Խրամորթի դպրոցում 66 երեխա էր սովորում։ Կապի մեջ եմ աշակերտների հետ, արդեն մի մասը կարողացել են տեղավորվել այլ շրջանների դպրոցներում, իսկ այն երեխաները, որոնք դեռևս չունեն հիմնական բնակության վայր, դեռ չեն շարունակում կրթությունը։

Հուսով եմ՝ մինչև երկուշաբթի արդեն կմասնակցեն ուսումնական պրոցեսին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցի տնօրեն Անուշ Առաքելյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխաներն ու կանայք Արցախից դուրս չեն եկել և, բացի Ասկերանի այլ բնակավայրերից, նաև տեղավորվել են Մարտակերտում, Մարտունիում, Ստեփանակերտում։

Նշենք, որ Խրամորթի բնակիչները ստիպված էին դեռևս մարտի 9-ին իրենց երեխաներին ու կանանց տարհանել գյուղից՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից պարբերաբար հնչող կրակոցների պատճառով։ Իսկ մինչ կրակոցները, տևական ժամանակ Ադրբեջանի զինծառայողները բարձրախոսներով սպառնալիքներ էին հնչեցնում գյուղի բնակիչներին ուղղված՝ ընդգծելով, որ պատասխանատու չեն կորուստների համար, եթե բնակիչները չլքեն գյուղը։ 

Խրամորթի դպրոցի տնօրենը նշեց, որ թեպետ գյուղի մյուս կանանց ու երեխաների հետ ինքն էլ էր տարհանվել և ժամանակավոր բնակվում է Ստեփանակերտում, բայց այս պահին Խրամորթ գյուղում է գտնվում. «Այս պահին Խրամորթում եմ, և առանց հեռադիտակի՝ անզեն աչքով պարզ տեսանելի են օրերս Քարագլուխ բարձունքում տեղակայված Ադրբեջանի զինծառայողները, բայց գյուղում հիմա հանգիստ է, ռուս խաղաղապահներ կան»։

Ասկերանի շրջանի վարչակազմի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Խրամորթ ու Փառուխ բնակավայրերի տեղահանված բնակիչների վերադարձի հարցը դեռ չի քննարկվում. «Սպասում ենք՝ իրավիճակը կայունանա։ Տեղահանված բնակիչներին պետությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՀՕՄ-ը օգնություն են տրամադրել»։ 

Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ռուս խաղաղապահները դեռևս շարունակում են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում մնալ, և չնայած գյուղը հայաթափվել է, բայց Ասկերանի բնակչության մեջ խուճապ չկա: «Թե Ասկերանում, թե հարակից բնակավայրերում մարդիկ իրենց գործերով, իրենց աշխատանքով են զբաղված»,- հավելեց նա։

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին, դեպի Քարագլուխ բարձունք Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջխաղացմանը, նշեց, որ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների միակողմանի չկատարման արդյունքում. «Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու համար, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»։ 

Նարա Մարտիրոսյան