Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակից Սերժիկ Սրապիոնյանը «փաստարկված ուղղախոսություն» է համարում Շիրակի և Արարատի բնակիչներին «թուրքի եթիմ» անվանած Արմեն Գրիգորյանի արարքը

Քոչարյանի աջակից Սերժիկ Սրապիոնյանը «փաստարկված ուղղախոսություն» է համարում  Շիրակի և Արարատի բնակիչներին «թուրքի եթիմ» անվանած Արմեն Գրիգորյանի արարքը
Հասարակություն
20:05, 13 июнь 2022
Ռոբերտ Քոչարյանի անխոնջ աջակից, ԵՊՀ  դասախոս Սերժիկ Սրապիոնյանը, որը մի քանի օր առաջ Ֆրանսիայի հրապարակի ամբիոնից ակնհայտ կեղծ տեղեկություն էր տարածում, թե  այս իշխանությունները «թույլ են տալու, որ մարդիկ իրենց սեռը փոխեն և դրա համար պետությունը 25 հազար դոլար է տալու», այսօր ստանձնել է Արարատի և Շիրակի մարզ բնակիչներին «թուրքի եթիմ» անվանած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպանությունը։ Վերաքննիչ դատարանը՝ Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Քոչարյանի աջակիցն ասել է, թե «օրվա իշխանություններն Արմեն Գրիգորյանին իր արժանիքների և փաստարկված ուղղախոսության համար են դատապարտել և մեկուսացրել հասարակությունից։ Եթե դեռ մնացել է բանական որևէ էակ, որ չի հասկանում, թե սա ինչ կարգի քաղաքական հետապնդում է, ուրեմն, այդ մարդն, առհասարակ, խնդիրներ ունի հասկանալու հետ»։

Ավելին, ըստ ԵՊՀ դասախոսի, Արմեն Գրիգորյանն ուղղախոս է, համարձակ և ազնիվ, չնայած երբեմն խախտում է բարեկրթության նորմերը. «Արմենի փաստարկված և համոզչ խոսքն այս իշխանությունների համար չափազանց մեծ վտանգ է։ ․․․ Ես ուզում եմ հասկանալ՝ եթե արարատցիները ու շիրակցիները հայեր են, այսինքն, նույն կրոնի ու դավանանքի, նույն ռասայական պատկանելիության մարդիկ, ապա ի՞նչ ազգային և ռասայական խտրականություն կամ կրոնական անհանդուրժողականություն մասին է խոսքը, որովհետև ես ու, կարծես, ինձ հետ նաև ոչ մեկ, չի հիշում, թե Արմենն այսօրինակ խտրականություններ է դրել իր խոսքում»։

Ապա Քոչարյանի ու Արմեն Գրիգորյանի ինքնամոռաց պաշտպանը հարցականի տակ է դրել որոշում կայացրած դատավորի ազգությունը․ «Եթե այդ դատավորը՝ Լուսինե Հովհաննիսյանը, գտնում է, որ Արմեն Գրիգորյանի խոսքում, իր համար՝ որպես դատավորի և հայի, ազգային խտրականություն կա, և ինքը դրանից վիրավորված է, ուրեմն, թող բարի լինի բացահայտել, թե ինքՆ անձամբ, ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, ի վերջո»։

Տարակուսելին այն է, որ սեփական ազգի ներկայացուցիչներին «թուրքի եթիմ» անվանելը «ուղղախոսություն», «համոզիչ խոսք» և «համարձակ քայլ» համարող մարդը դասախոսում է ԵՊՀ ուսանողներին։ 

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար։ 

 
Մ․Խ․