Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկում արդեն հանգստացողներ կան՝ տուրիստները և Հայաստանի քաղաքացիներ են, և օտարերկրացիներ, դպրոցներն ու մանկապարտեզները ևս գործում են. Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ

Ջերմուկում արդեն հանգստացողներ կան՝ տուրիստները և Հայաստանի քաղաքացիներ են, և օտարերկրացիներ, դպրոցներն ու մանկապարտեզները ևս գործում են. Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ
Հասարակություն
14:35, 12 октябрь 2022
Ջերմուկում արդեն հանգստացողներ կան՝ տուրիստները և Հայաստանի քաղաքացիներ են, և օտարերկրացիներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ բոլոր առողջարաններն արդեն իսկ գործում են, բայց դեռևս ոչ բոլոր առողջարաններում կան հանգստացողներ:

«Բնակիչների մի մասը վերադարձել է, և դեռ շարունակում են վերադառնալ։ Դպրոցներն ու մանկապարտեզները ևս գործում են, ճիշտ է, երեխաների հաճախելիությունը դեռ տեղ ունի մեծանալու, բայց արդեն անցել ենք առկա ուսուցման։ Միայն մեկ դպրոց կա, որը կգործի երկուշաբթի օրվանից՝ տեխնիկական խնդիր կա լուծելու»,- ասաց Ջերմուկի փոխքաղաքապետը։ 

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Ջերմուկի ուղղությամբ հարձակման ընթացքում վնասվել էր նաև ճոպանուղին, որը տուրիստների սիրելի վայրերից էր։ Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ այցելուները ճոպանուղուց դեռ չեն կարող օգտվել՝ վնասի գնահատում է կատարվում, որպեսզի իրականացվեն վերանորոգման աշխատանքներ։ 

«Քաղաքում հանգիստ է, կրակոցներ չկան, մարդիկ ապրում ու աշխատում են, տուրիստներն էլ իրենց բուժումներն են ստանում»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ նույնիսկ ամենագնացներով տուր է իրականացվում դեպի սարի գլխին գտնվող բացօթյա գեյզեր։ 

Վարդան Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի զինծառայողների առաջխաղացումը՝ դիրքերը, նկատելի չեն Ջերմուկ քաղաքից։ 

Մենք կապ հաստատեցինք «Գրանդ ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցի կառավարիչ Գագիկ Ստեփանյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հյուրանոցը թեպետ գույքային վնաս չի կրել, բայց երկօրյա պատերազմը տնտեսական մեծ վնաս է հասցրել առողջարանային քաղաքին: «Սեպտեմբերի 13-ից հետո մինչև հոկտեմբերի 5-ը չենք աշխատել, վնասներն անբացատրելի են, այս մակարդակի վնասն անբացատրելի է՝ 100-տոկոսանոց վնաս է հասցվել։ Հյուրանոցում 92 սենյակ կա, բայց այս պահին 3 սենյակ է զբաղված։ Ունենք 100-ից ավելի աշխատակից, ու այդ 3 սենյակը չի օգնում մեզ»,- ասաց հյուրանոցի կառավարիչն ու հավելեց, որ հանգստացողները Ռուսաստանից են, իսկ Հայաստանի բնակիչները՝ մի քանի ընտանիք,  2-3 օրով են այցելել: «Կարելի է ասել՝ դռները բաց են, սպասում ենք հանգստացողներին»,- նշեց նա ու ընդգծեց, որ բուժանձնակազմից թեպետ դեռևս ոչ բոլորն են վերադարձել Ջերմուկ, սակայն առողջարանային ծառայությունից օգտվել ցանկացողներին կարող են սպասարկել։  

«Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրից էլ տեղեկացրին, որ իրենց հյուրանոցային շենքի մի մասը վնասվել է երկօրյա ռազմական գործողությունների հետևանքով՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի ռմբակոծություններից, և հիմա սպասում են, որ այդ վնասը գնահատվի. «Հիմնականում վնասվել է 5-հարկանի մասնաշենքի այն հատվածը, որը գործող չէր, տարբեր հարկերում ապակիներ են կոտրվել, գույքային այլ վնասներ էլ են եղել, շենքի չգործող հատվածի տանիքում էլ արկ է պայթել, բայց տանիքը բարեբախտաբար ամբողջությամբ չի վնասվել, ամուր տանիք է։ Գործող հատվածում գրեթե ոչինչ չի վնասվել»,- ասացին առողջարանից ու ընդգծեցին, որ այս պահին հայտարարվել է, որ առողջարանն աշխատում է, և պատրաստ են հյուրեր ընդունել. «Որ պահին էլ հյուր գա՝ բոլոր ծառայությունները կմատուցենք»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի երեք մարզերի՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Սյունիքի ուղղությամբ հարձակվելուց հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին տեղեկացրեց, որ հակառակորդն առաջխաղացում է ունեցել Ջերմուկում և գտնվում է ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա։ 

Ընդգծենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են հյուրատներ, առողջարան, Կետչուտի ջրամբարը, հրշեջ փրկարար ծառայության շենքը, ճոպանուղին, մարդկանց օգտագործման անձնական ավտոմեքենաներ և այլ գույքեր։  Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հասցված վնասները կգույքագրվեն և կփոխհատուցվեն։ 

Նարա Մարտիրոսյան